|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տեղի է ունեցել «Հայոց Սուրբ Ծնունդ» խորագրով հոգևոր-դասական համերգ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը խոսք է հնչեցրել միջոցառման ժամանակ.
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ» աշխարհասասան ավետիսը, որն այսօր առավոտյան հնչել էր մեր սուրբ եկեղեցիներում, հնչեց նաև երաժշտության այս գեղեցկակերտ տաճարում, որտեղ մենք ամենքս ի մի ենք եկել մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ՝ երգահանդեսով փառավորելու Նորամանուկ Աստվածորդուն և ապրելու հոգևոր բերկրանքի սուրբ պահեր:
Սուրբ Ծնունդը քրիստոնեական մեր հավատքի ամենախոր և լուսավոր խորհուրդներից է՝ Աստծո մարդեղության, անսահման սիրո և փրկության ավետիսը համայն մարդկության համար։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը լույս է, որ ծնվում է խավարի մեջ, հույս է՝ բոլոր փորձությունների ժամանակ և խաղաղության ու փրկության խոստում՝ յուրաքանչյուր առ Աստված հուսացյալ հոգու համար։
Սուրբ Ծննդյան այս լույս տոնը մեզ կոչ է անում կանգ առնել առօրյա հուզումների մեջ, վերարժևորել մեր կյանքի ուղին և վերադառնալ հավիտենական անանց արժեքներին՝ հավատքին, ճշմարտությանը, արդարությանը, սիրուն և խաղաղությանը։
Մեծ և սքանչելի այդ իրադարձությունը՝ Քրիստոսի Սուրբ Ծնունդը, դարեր շարունակ եղել է ոչ միայն հավատքի, այլև մշակույթի, արվեստի և հատկապես երաժշտական արվեստի անսպառ ներշնչման աղբյուր։
Այս երեկո մենք հավաքվել ենք՝ այդ մեծ ավետիսը վերապրելու հոգևոր–ակադեմիական երաժշտության միջոցով։
Արդարև, երաժշտությունն ունի եզակի կարողություն՝ արտահայտելու այն, ինչ խոսքը շատ հաճախ չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Հոգևոր ստեղծագործություններում երաժշտությունը դառնում է աղոթք, իսկ դասականում՝ խորին խորհրդածություն, իրականում երկուսն էլ՝ հոգևորն ու դասականը, աղոթք են, որով մարդ էակը հոգեմտավոր բարձրացում, վերացում է ապրում առ Լույսը, դեպի Արարիչն Աստված։
Հիրավի, հոգևոր-դասական երաժշտությունը մի հրաշակերտ կամուրջ է մարդու և հավիտենականի միջև, հնարավորություն՝ ընկղմվելու լռության ու անդորրի մեջ, խորհելու, աղոթելու և այդպես հոգևոր վերածնունդ ապրելու։
Սիրելիներ, այսօրվա Սուրբ Ծննդյան համերգն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն «Հայոց Սուրբ Ծնունդ» երաժշտական նախագծի հինգերորդ համերգն է։ Այս հոբելյանական հանգրվանը, հիրավի, վկայում է, որ նախագիծը, ծառայելով հոգևոր արժեքների տարածմանը և մարդակերտ բարձր արվեստին, կայացել է և իր մնայուն տեղը գրավել ազգային մշակույթի և արվեստի անդաստանում՝ դառնալով Քրիստոնյա Հայաստանի հոգևոր-մշակութային կարևորագույն այցեքարտերից մեկը։
Այս հինգ տարիների ընթացքում նախագիծն ունեցել է ստեղծագործական ուրախալի հաջողություններ՝ հաղթահարելով տարբեր դժվարություններ, նույնիսկ, երբեմն նաև, խոչընդոտներ ու փորձություններ։ Հավատն ու համոզմունքն այս ազգանվեր ու հոգեշահ գործի կարևորության հանդեպ և պատասխանատվությունը նախագծի առաքելության նկատմամբ՝ շարունակական են դարձրել սկսված ճանապարհը։
Կսիրենք հուսալ, որ «Հայոց Սուրբ Ծնունդ» երաժշտական նախագիծն ունենալու է դեպի գալիք տարիներ ու դարեր ձգվող կյանք. տա Աստված:
Սիրելիներ,
Գոհունակությամբ և խորին երախտագիտությամբ ցանկանում ենք հատկապես արձանագրել ու շեշտել, որ այս նախագծի նախաձեռնությունը և շարունակական իրականացումը հնարավոր է դարձել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ: Նորին Սրբության օրհնությամբ և արտոնությամբ է սկիզբ առել այս հոգևոր- մշակութային գործը, և արդեն հինգ տարի շարունակ այս համերգները կազմակերպվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո:
Մեր շատ սիրելի Հայոց Հայրապետի օրհնությունը մեզ համար եղել է հոգևոր աջակցություն, վստահություն, ուժ և հանձնառություն՝ դժվարությունների մեջ հաստատակամ մնալու և այս երգահանդեսը կյանքի կոչելու համար ։
Հատուկ շնորհակալությամբ ցանկանում ենք ընդգծել նաև Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Արդեն հինգ տարի շարունակ նախարարությունն այս նվիրական դահլիճը հունվար 6-ին տրամադրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ իր գնահատարժան նպաստն է բերում «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր և մշակութային նախագծի իրագործմանը:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրինությանը և ողջ աշխատակազմին, քանի որ նրանք հինգ տարի, սիրով և հաճությամբ, այս օրն աշխատել են և ամեն կերպ աջակցել մեզ:
Ի սկզբանե «Հայոց Սուրբ Ծնունդ» երաժշտական նախագիծը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ սերտ համագործակցությամբ:
Գնահատանք, շնորհակալություն և օրհնություն ենք հղում նվագախմբին՝ ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի:
Գնահատանք, երախտագիտություն և օրհնություն Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայոց Եկեղեցու «Սբ Սահակ-Սբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի ասպետ, աննման մաեստրո Հովհաննես Չեքիջյանին. սիրելի մաեստրո, ողջ լերուք երկար կենօք:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ այս համերգների իրականացումը պահանջել է մեծ ջանքեր նաև ֆինանսական միջոցների ապահովման առումով։ Տարիների ընթացքում մենք որոնել և դիմել ենք տարբեր բարերարների՝ հավատալով, որ հոգևոր–դասական արվեստն արժանի է ազնիվ հովանավորության և ներդրման ի վայելումն ազգիս Հայոց։ Այդ ճանապարհին մեզ աջակցած բոլոր բարերարներին՝ Կենտրոնական բանկին՝ ի դեմս նախագահ Տիար Մարտին Գալստյանի, գլխավոր հովանավոր Արդշինբանկին՝ ի դեմս վարչության նախագահ Տիար Արտակ Անանյանի, մյուս բանկերին և կազմակերպություններին, մեր գլխավոր գործընկեր Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ ի դեմս Հայաստանի նախագահ Տիար Վազգեն Յակուբյանի, միով բանիվ՝ նրանց բոլորին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը: Արդարև, նրանց օժանդակությունն այս համերգների կայացման գործում եղել է վճռորոշ և անփոխարինելի։ Հարգանք և պատիվ մեր օրհնյալ հովանավորներին:
Վերջապես, յուրաքանչյուր համերգի երաժշտական ամբողջական պատկերն ստեղծվում է նվագախմբի, երգչախմբի և մեներգիչների ներդաշնակ համագործակցության շնորհիվ։
Այսօրվա համերգի նվագախումբը՝ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումը, շնորհալի ղեկավարությամբ սիրելի մաեստրո, ՀՀ արվեստի վաստակավոր գորխիչ Ռուբեն Ասատրյանի, իր հնչյունային խորությամբ և գեղարվեստական ճշգրտությամբ ձևավորելու է այն հոգևոր միջավայրը, որի մեջ երաժշտությունը դառնալու է խոհ և աղոթք։ Յուրաքանչյուր գործիք, յուրաքանչյուր երաժշտական գիծ նպաստելու է Սուրբ Ծննդյան խորհրդի ամբողջական բացահայտմանը։
Իսկ երգչախումբը՝ հանդես գալով որպես միասնական և համախմբված ձայն, մարմնավորելու է հավատացյալ ժողովրդի՝ ամենքիս հավաքական աղոթքը։ Եվ երգչախումբն իր վարպետությամբ և բացառիկ հոգևոր ընկալմամբ ու մոտեցմամբ ապահովելու է այդ միասնական շնչի ամբողջականությունն ու բարձրարվեստ հնչեղությունը՝ փոխանցելով դարավոր հավատքն ու ավանդույթը։
Առանձնահատուկ գնահատանքի են արժանի նաև մեներգիչները, որոնց կատարումները հաղորդելու են համերգին անձնական և խորապես մարդկային երանգներ։ Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում նշել, որ այս հինգ տարվա ընթացքում ամեն ինչ արվել է, որպեսզի «Հայոց Սուրբ Ծնունդ» նախագիծը ձեռք բերի միջազգային հնչեղություն։ Այդ նպատակով հրավիրվել են մեներգիչներ և դիրիժորներ տարբեր երկրներից՝ այդպես ստեղծելով մշակութային երկխոսություն և հնարավորություն ընձեռելով մեր ունկնդրին առնչվելու համաշխարհային հոգևոր–դասական արվեստի բարձրագույն չափանիշներին։
Մեր փափագն է և մաղթանքը, որ Սուրբ Ծննդյան հանդիսավոր համերգը դառնա լույսի, հույսի, սիրո, խաղաղության, խոկման և հոգևոր նորոգման պահ մեզանից յուրաքանչյուրի համար։
Թող Մանուկ Հիսուսի աստվածային լույսն ու խաղաղությունը հար թևածեն մեր ներաշխարհում, մեր ընտանեկան հարկերում, մեր ազգային կյանքում, մեր սիրելի Մայր Հայրենիքում՝ ամրապնդելով հավատքը, առատացնելով սերը և առաջնորդելով մեզ ամենքիս դեպի համերաշխություն, նվիրում ու հավատարմություն և կեցուցիչ միություն։
Սրտագին շնորհակալություն ձեզ, սիրելիներ, որ այս տոնական երեկո մեզ հետ եք՝ միասնաբար ապրելու Սուրբ Ծննդյան հոգևոր բերկրանքը և աստվածային երաժշտության օրհնությունը։
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»: