|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․
«Այսօր՝ հունվարի 6-ին, Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցները Ոստիկանության ծառայողների աջակցությամբ խոչընդոտեցին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու քահանա Տեր Հայկին մատուցել Սուրբ և Անմահ Պատարագ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության Տոնի առիթով:
Բոլորի աչքի առջև, իշխանության հովանու ներքո, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ խոչընդոտվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը և ծեսի կատարումը:
Ցավալի է, բայց հույժ կարևոր այս Տոնի և ընդհանրապես Սուրբ և Անմահ Պատարագի խորհուրդները շատերը չեն գիտակցում:
Շատերը չեն գիտակցում, որ կարգալույծ եղած նախկին քահանայի կատարած արարողությունը ոչ միայն հոգևոր առումով պատարագ չի կարող կոչվել և անեծք է բերելու դրա մասնակիցների համար, այլ նաև՝
- Եկեղեցու կանոնական իմաստով պղծում է Ս.Խորանը և սրբագործման կարգ կատարելու անհրաժեշտություն է առաջացնում,
- իրավական առումով ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում նկարագրված հանցագործություն է:
Եկեղեցու նկատմամբ այս գործողությունները վերջին հաշվով մեր տանջված ազգի գլխին են փորձանք բերելու: Մեր ազգը պետք է գիտակցի, որ Սրբությունների պատասխանատուն հենց ազգն է և չեզոք դիրք գրավելը նույնպես հանդիսանում է չարամիտներին օժանդակություն:
Բայց այս դառը իրադարձությունների համատեքստում չեմ կարող չարձանագրել այն արժանապատիվ քրիստոնյաների ջանքերը, որոնք համաձայն չեն իշխանության ներկայացրած Եկեղեցու պառակտման և ազգային ինքնության քանդման այս ծրագրի հետ:
Շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության առիթով:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ.....»։