|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, դեկտեմբերի 31-ին, Սուրբ Աստվածածին եկեղեցում սրբազան արարողության խոչընդոտումն իրականացրել է ոստիկանության աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։
Մասնավորապես, եկեղեցում գտնվել են Թալինի ոստիկանության աշխատակիցներ Ժակ Ղուկասյանը և Լուկաշ Հարությունյանը, ինչպես նաև Սափեյանի հորեղբոր տղաները և քաղաքապետարանի աշխատակիցներ։ Նրանց ներկայությունն ու գործողությունները փաստացի ծառայել են մեկ նպատակի՝ ապահովել համայնքապետի կողմից եկեղեցական արարողության խոչընդոտումը։
Թալինի ոստիկանության ծառայողները, որոնց պարտականությունն է պաշտպանել հասարակական կարգը և կրոնական ազատությունները, այդ օրը հանդես են եկել ոչ թե որպես իրավապահներ, այլ որպես Սափեյանի կամակատարներ։ Նրանք ոչ միայն չեն կանխել սրբազան արարողության խոչընդոտումը, այլ իրենց մասնակցությամբ օժանդակել եւ լեգիտիմացրել են եկեղեցու ներսում կատարված խուլիգանությունը։
«Իշխանության» տեղեկություններով՝ ինքնակոչ «խաչքավորը» ջանասիրաբար փորձում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում՝ 2026թ․ պատգամավորական ցուցակում հայտնվելու համար։ Այդ ճանապարհին, Թալինի համայնքապետը, գիտակցաբար անարգում է եկեղեցու դերը եւ արժեքները, ոտնահարում հավատացյալների իրավունքները, ցատկում է Մայր Աթոռի պատերին, եկեղեցու բակում հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ, սադրիչ կոչեր անում՝ հրահրելով բախումներ։Եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը քրեական հանցագործություն է։
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ վարույթ նախաձեռնված չէ, այսինքն՝ Տավրոս Սափեյանը եւ նրա հետ գործող անձինք պատասխանատվության չեն ենթարկվել։
Լիա Սարգսյան