կարևոր
925 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-23 23:48
Քաղաքական

Փաշինյանը հրամայել է իր գեստապոյին ներխուժել Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք

Փաշինյանը հրամայել է իր գեստապոյին ներխուժել Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք

Անցած շաբաթ, վերջին ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք ուղարկեց հարյուրավոր ոստիկաններ և քաղաքացիական հագուստով գաղտնի գործակալներ՝ ներխուժման նպատակով։ Նրանք կոչված են ծառայելու ժողովրդին, ոչ թե Փաշինյանի անձնական շահերին։ Նրանք չպետք է ենթարկվեն անօրինական հրամանների։ Ցավոք, այժմ Փաշինյանն ավելի շատ ոստիկաններ ունի որպես անձնական թիկնապահներ, քան զինվորներ՝ Հայաստանի սահմաններըպաշտպանելու համար։

Ոստիկանությունը կրկին ստիպված եղավ նահանջել Էջմիածնից՝ բախվելով մեծ բազմության, որը հավաքվել Հայ Առաքելական Եկեղեցին անցանկալի ներխուժումից պաշտպանելու համար։ Մինչ այս պահը հաշվարկը հետևյալն է․ Եկեղեցի՝ 2, Փաշինյան՝ 0։

Երբ Փաշինյանը 2018 թվականին առաջին անգամ եկավ իշխանության, նա սովորաբար վարչապետի գրասենյակ էր գնում հեծանիվով, միայնակ, առանց թիկնապահների, անվտանգության աշխատակիցների և ոստիկանության։ Սակայն այդ ժամանակից ի վեր, հենց որ նա մի քայլ է անում նստավայրից դուրս, նրան ուղեկցում են հարյուրավոր ոստիկաններ։ Նրա անվտանգության հանդեպ այս մտահոգությունները պայմանավորված են նրա ժողովրդականության կտրուկ անկմամբ՝ 2018 թվականի 82 տոկոսից մինչև այժմ՝փոքր ինչ ավելի քան 10 տոկոս։ Փաշինյանը մերժում է հրաժարական տալ, քանի որ գիտի՝ պաշտոնից հեռանալուց հետո նա պատասխանատվության կենթարկվի հարյուրավոր օրենքների և Սահմանադրության խախտումների համար։ Հաջորդ հայրենասեր և ձեռնհաս ղեկավարը ստիպված կլինի անվավեր հայտարարել Փաշինյանի բոլոր խոստումները և զիջումները Հայաստանի թշնամիներին։

Անցած հինգշաբթի, Հայ Առաքելական Եկեղեցու ավելի քան 10 հազար հավատավոր պաշտպաններ, որոնք հավաքվել էին Էջմիածնում՝ «Հուդա» վանկարկումներով դիմակայեցին ապստամբ եպիսկոպոսներին։ Եկեղեցու հետևորդները 20:1 հարաբերակցությամբ գերազանցում էին Փաշինյանի կողմնակիցներին, թեև վերջինս հրամայել էր իր համախոհներին, այդ թվում՝ կուսակցության անդամներին և պետական ծառայողներին,գնալ Էջմիածին։ Քանի որ Հայաստանի բնակչության և Սփյուռքի ավելի քան 90 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու անդամներ են, Փաշինյանի փոքրաթիվ կողմնակիցները որևէ հնարավորություն չունեն նրանց դիմակայելու։ Եկեղեցուն հակադրվելով՝ նա ակամա հող է նախապատրաստում իր իշխանության դեմ աճող շարժման համար՝ վերջապես արթնացնելով անտարբեր հանրությանը։

Փաշինյանի քայլերը չափազանց վտանգավոր են՝ հնարավոր արյունալի հետևանքներով։Նրա կողմից ուղարկած հարյուրավոր անվտանգության ուժերի և շատ ավելի մեծ բազմության միջև բախումը կարող էր երկուստեք հանգեցնել տասնյակ զոհերի։

Ոչ մի պատճառ չկար, որ Փաշինյանը Էջմիածին ուղարկեր այդքան ոստիկաններ՝ պաշտպանելու փոքրաթիվ ապստամբ եպիսկոպոսներին, որոնք հայտարարել էին, թեպատրաստվում են գնալ Վեհարան՝ պահանջելու Կաթողիկոսի հրաժարականը: Փաշինյանը կրկին միջամտեց Եկեղեցու ներքին վեճին, ինչը նրա գործը չէ՝ այդպիսով խախտելով Սահմանադրության՝ Եկեղեցու և պետության տարանջատման դրույթը:

Անցած շաբաթ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հեռացրեց երեք ապստամբ հոգևորականների Եկեղեցու 21 անդամից բաղկացած Գերագույն Հոգևոր խորհրդից։ Իմ կարծիքով, դա բավարար չէ։ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր 10 ապստամբեպիսկոպոսներին, քանի որ նրանք խախտել են Եկեղեցու մի շարք կանոններ։ Նրանք չեն կարող և չպետք է մնան Հայ Եկեղեցու հոգևորականության կազմում։ Կարգալույծ լինելուց հետո նրանք կարող են այցելել Էջմիածին որպես սովորական զբոսաշրջիկներ։

Անհավատալի է, որ այս ապստամբ հոգևորականները տասնամյակների ընթացքումառաջին անգամ բողոքում են՝ 26 տարի անց պնդելով, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը 1999 թվականին ընտրվել է կեղծիքով: Ի՞նչն է նրանց դրդել հիմա արթնանալ և բարձրացնել այս հարցը՝ 26 տարի անց: Նրանցից շատերը ներկա են եղել այդ ընտրությանը և նույնիսկ քվեարկել են հոգուտ Գարեգին Բ-ի: Այդ ընթացքում նրանք վայելել են իրենց բարձր պաշտոնների հետ կապված մենաշնորհները՝ որպես եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ։ Կաթողիկոսին հրաժարական տալու փորձ անելու փոխարեն հենց ապստամբ եպիսկոպոսներն են, որ պետք է հրաժարական տան, նախքան կարգալույծ լինելը:

Այս ապստամբ հոգևորականները Կաթողիկոսին հակադրվում են միայն հիմա, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը, Փաշինյանի դրդմամբ, հավանաբար հանդիպել է նրանցից մի քանիսի հետ և սպառնացել հանրայնացնել նրանց անձնական կյանքի գաղտնիքները: Տարօրինակ է, որ մինչ Փաշինյանը հայտարարում է, թե Կաթողիկոսին ընդդիմանում է բարոյական հիմքերով, իրականում ծրագրում է նրան փոխարինել տասը ապստամբ եպիսկոպոսներից մեկով, որոնցից մի քանիսը շատ ավելի լուրջ հանցանքներ են գործել։ Հայ Առաքելական Եկեղեցին բարեփոխելու փոխարեն Փաշինյանը վնասում է նրան՝ ծրագրելով որպես փոխարինող բերել անպատեհ մի անձի:

Ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակը պարզապես քաղաքական է՝ հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նա փորձում է վերացնել բոլոր նրանց, ովքեր կարող են խոչընդոտել իր վերանշանակմանը որպես վարչապետ՝ փոխարինելով կամ դատական հետապնդման ենթարկելով իր ընդդիմախոսներին։

Անցած շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Կաթողիկոսի հետ, «բայց միայն կաթողիկոսի արժանապատիվ հեռացումը քննարկելու համար»։ Սա այն մոտեցումը չէ, որը կարող է հանգեցնել խաղաղ լուծման։ Կաթողիկոսը կարող է պատասխանել. «Ես կհանդիպեմ Փաշինյանի հետ միայն նրա հրաժարականի քննարկման համար»։

Ես առաջարկում եմ, որ երկուսը հանդիպեն առանց որևէ նախապայմանի՝ որքան հնարավոր է շուտ լուծելու պետություն–եկեղեցի հակամարտությունը՝ ի շահ թե՛ պետության, թե՛ եկեղեցու՝ որոնք հայ ազգի երկու հիմնասյուներն են։

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի