կարևոր
2326 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-18 13:56
Հասարակություն

Դիմակավորված ուժայինները մտել են «Լեդի Հակոբի» ոսկու շուկա, ձերբակալել տնօրենին, գետնին տապալել աշխատակիցներին

Դիմակավորված ուժայինները մտել են «Լեդի Հակոբի» ոսկու շուկա, ձերբակալել տնօրենին, գետնին տապալել աշխատակիցներին

«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի ոսկու շուկա, ձերբակալել են շուկայի տնօրենին:

Շուկայի աշխատակիցները, կարծելով, թե ավազակային հարձակում է, փորձել են դիմադրություն ցույց տալ, սակայն հատուկ ջոկատայինները ֆիզիկական ուժ են կիրառել՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին։ Տեղի ունեցածի հետևանքով մեկ կին վնասվածք է ստացել։ Վերջինիս բուժօգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է կանչվել շտապօգնություն։

Ոսկու շուկայի աշխատակիցները գտնվում են սարսափած և շոկային վիճակում։

Քննչական կոմիտեից «Իշխանությանը» հայտնեցին, որ մեկ անձ ձերբակալվել է։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)»,-«Իշխանությանը» ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը»: