կարևոր
742 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-09 22:33
Հասարակություն

Ավելի ազնիվ կլիներ ասել՝ Փաշինյանն է պահանջել չհնչեցնել Ամենայն Հայոց Հայրապետի անունը. Ռուբեն վարդապետ

Ավելի ազնիվ կլիներ ասել՝ Փաշինյանն է պահանջել չհնչեցնել Ամենայն Հայոց Հայրապետի անունը. Ռուբեն վարդապետ

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է.

«Հանրային եթեր՝ քաղաքական ֆիլտրով:

Ավելի ազնիվ կլիներ ասել, որ ՀՀ վարչապետն է պահանջել Սուրբ Պատարագին իր ներկայությամբ չհնչեցնել Ամենայն Հայոց Հայրապետի անունը, եւ մենք էլ այդ պահանջը կատարելիս զոհաբերել ենք նաեւ թեմի առաջնորդի անվան հիշատակումը, քան եթերից եթեր անհասկանալի եւ անհիմն պատճառաբանություններով պնդել, թե հիշատակությունների զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը։ Չիմանալ կամ իմանալով մոլորեցնել կարող եք հասարակությանը, բայց Հայ եկեղեցու ուղղափառ մտածողությունն ու ծիսականոնական դրությունը ձեւախեղել չեք կարող։ 

Իսկ ի՞նչ է ասում եկեղեցու վարդապետությունը Սուրբ Պատարագի հիշատակությունների մեջ եպիսկոպոսապետի կամ եկեղեցու առաջնորդի անվան հնչեցման առնչությամբ։ Աստվածաբանական լեզվից պարզ մեկնաբանմամբ՝ հիշատակել նշանակում է՝

1. Ճանաչել եկեղեցու առաջնորդի դավանական ուղղափառությունը.
2. Հաստատել եկեղեցական համայնքի հաղորդութենական միությունը ամբողջ եկեղեցու եւ նրա առաջնորդի հետ.
3. Ընդունել եկեղեցու առաջնորդի իշխանությունը եւ պահպանել հնազանդության ուխտը։

Չհիշատակել նշանակում է՝

1. Չճանաչել եկեղեցու առաջնորդի դավանական ճշմարտությունը.

2. Հայտարարել նրա հետ հաղորդության միության խզման մասին.

3. Մերժել եկեղեցու առաջնորդի իշխանությունը։

Հիմա ընդհանուր պատկերը վերջին շրջանում. ՀՀ տարածքի բոլոր թեմերում եւ համայնքներում Սուրբ Պատարագի բոլոր արարողությունների ընթացքում հիշատակվում է Ամենայն Հայոց Հայրապետի անունը, նաեւ թեմի առաջնորդի եւ պատարագիչ քահանայի, որը նախատեսված է պատարագամատույցով։ Չի հիշատակվում միայն այն ժամանակ, երբ արարողությանը ներկա է ՀՀ  վարչապետը, անգամ զեղչվում է թեմի առաջնորդի անունն իր իսկ ներկայությամբ, որոշ դեպքերում չի հիշատակվում նաեւ պատարագիչ քահանան։ Այսինքն՝ Վեհափառի անունը զեղչելու նպատակով թեմի առաջնորդն ու քահանան գնում են «ինքնազոհաբերության»։ 

Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցաբանական անհեթեթություն։ Այն, ինչ կատարվում է, դուրս է հավատքի, դավանանքի, եկեղեցու խորհրդական կյանքի իմաստից ու տրամաբանությունից։

Այնպես որ զուր են ջանքերը երեւալու կա’մ անգետ, կա’մ գիտուն եւ մոլորեցնող, կամ էլ՝ անգետ ու մոլորեցնող»։