|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Երբեմն բավարար է մեկ դեղնած ու մաշված էջ բացել, որպեսզի զգաս՝ քո պատմության չմարող անցյալը, զգաս, որ այն ապրում է քո մեջ՝ շարունակելով պատմությունը քո ներկայի միջոցով։
ՀՅԴ 135 տարիների պատմությունը թերթելիս ես երբեք չեմ զգում, որ պարզապես ուսումնասիրում եմ պատմական փաստեր կամ էջեր։ Այն ավելի շատ նման է կենդանի զրույցի․ յուրաքանչյուր պատմական դեպք, նամակ, զեկույց, գաղտնի գրություն, ստորագրություն, նույնիսկ դեղնած լուսանկարները խոսում են։
Եվ ամենակարևորը՝ այդ խոսակցությունն ուղղված է ինձ։
Այդ պատմության մեջ մարդիկ են, որոնց անունները փորագրված են հայոց պատմության մեջ, այնտեղ են երիտասարդներ, որոնք փոխանցում են այնպիսի վստահություն ու հավատ առ հայրենիք, որն դժվար է բառերով արտահայտել, այնտեղ են առաջնորդներ, որոնք գիշերները գրում էին նամակներ՝ գիտակցելով, որ առավոտը գուցե չտեսնեն, արդեն զեհված լինեին։ Այնտեղ են ուսուցիչներ, ուսանողներ, ֆիդայիններ, զինվորներ, բանվորներ, մամուլի գործիչներ, ընտանիքներ՝ ովքեր իրենց կյանքը դրել էին հայրենիքի համար մեծ պայքարի մեջ։
Նրանց յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր զոհողություն ու հաղթանակ, կերպավորել և միավորել է հայոց պատմությունը։
Եւ ահա նրանց հետ զրույցի մեջ ինձ ուղղված հստակ հարց։ «Ո՞րն է քո ներկա պատասխանատվությունը ՀՅԴ 135 տարիների պատմության առջև»։
Եւ սկսում եմ մտածել՝ արդյո՞ք փոխվել է այսօրվա աշխարհում դաշնակցականի պատասխանատվությունը։ Ո՛չ եւ հազար անգամ ո՛չ. այսօր այդ պատասխանատվությունը շատ ավելի խորքային է, որովհետև մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ վտանգները այլևս միայն սահմանների վրա չեն։ Դրանք ներթափանցել են մեր պետությանը ներսը, հասարակության մտածողություն, ինքնության հիմքեր և ազգային կամքի շերտեր։ Փորձ է արվում մոռացնել, թուլացնել կամ վերաշարադրել մեր պատմությունը, իսկ հայության միասնականությունը երբեք այսքան փխրուն չի եղել, քան այսօր։ Եւ ուրեմն հենց այստեղ է իմ դաշնակցականի պարտքն ու պատասխանատվությունը ՀՅԴ 135 տարիների ժառանգության առջև։
Ես հասկանում եմ՝ եթե այսօր ես ինձ դաշնակցական եմ համարում, ապա դա նշանակում է, որ ես ստանձնում եմ մի պատասխանատվություն, որի մեջ ներառված են հազարավոր մարդկանց զոհողություններ, գաղափարներ, պայքարներ ու երազանքներ եւ, վերջապես, Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի տեսլականը։
Եվ հենց այդ պատճառով իմ պատասխանատվությունը այս 135 տարիներին շատ անձնական է, շատ ուղիղ և շատ պահանջկոտ։ Ես պատասխանատու եմ էլ ավելի ամուր պահել ժամանակի փորձություններ անցած և պատմական աղետների ծանրության տակ երբեք չկոտրված ՀՅԴ գաղափարախոսությունը, պարտավոր եմ պահպանել հայրենիքի հանդեպ այն հավատարմությունը, որը մեր նախնիները դրսևորել են՝ իրենց կյանքի ամեն օրում, աչքի լույսի նման պահել նրանց հիշատակն ու մեր ազգային արժեքները, որ չկորչեն, այլ շարունակեն լինել մեր ոգին, մեր ուժն ու մեր ապավենը։
Իմ պատասխանատվությունը ՀՅԴ-ի 135 տարիներին նշանակում է, որ ես ոչ թե պարզապես այդ պատմության ընթերցողն եմ, այլ կրողն ու շարունակողը, այդ տարիները պարտադրում են ընտրել ոչ թե հեշտ ճանապարհը, այլ ճի՛շտ ճանապարհը, կանգնել ոչ թե հարմար պահին, այլ անհրաժե՛շտ պահին, դրսևորել համարձակություն՝ առանց բարձրաձայնելու և զոհողություն՝ առանց վախենալու, պաշտպանել անկախության գաղափարը, իմ ուժերի չափով կանխել կործանարար զիջումները, պահպանել պետականություն կառուցելու ՀՅԴ անսասան կամքը։
ՀՅԴ-ի 135 տարիները չափում են հավատարմությունը, վճռականությունը և ծառայությունը, նրանց հուշումն է պարզ. «Շարունակի՛ր մեզ ի գիտություն անցյալի, ի հավատ ներկայի, ի սեր Ազատ Անկախ ու Միացյալ Հայաստանի»։
Շնորհավոր 135 ամյակդ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն։
Արմինե Մուքոյան