|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.
«Բարի երեկո մեզ շատ սիրող և, հատկապես, չսիրող մարդիկ: Երեկ կարդացի Հայաստանում բոլոր տեսակի արժեքային և բարոյական ստանդարտները գետնից ներքև իջեցրած ռեժիմի պարագլխի անամոթ երեսպաշտության հերթական ակտը խորհրդանշող գրառումը, իբր «էթիկայի կանոնագիրք ստեղծելու և դրանով սեփական թիմակիցների հայհոյախոսության դեմ պայքարելու» մասին:
Սեփական անձի և խոսքի հանդեպ երեսպաշտության, անպատասխանատվության, ստի ու կեղծիքի հերթական չափաբաժնի ծավալները հասկանալու համար նաև կարդացի այդ` կանոնագիրք կոչվածը: Արդյունքում հասկացա, որ պարագլխի կողմից հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տրվել:
Փաստացի, վերջինս հրապարակային խոստովանում է, որ արդեն ոչ միայն իր, այլև իր թիմակից կոչված խմբակի խոսույթում տեղ է գտել հայհոյախոսությունը և, փաստացի, այդ հայհոյախոսությունն արտոնված է եղել, հետևաբար նաև չի պատժվել որևէ օրենսդրությամբ: Իր հակառակորդների դեպքում հայհոյանքին հայհոյանքով պատասխանելը պատժվել է օրենքի կոպտագույն ոտնահարմամբ, իսկ արդեն 20-րդ օրն է ես անձամբ ակնհայտ ապօրինի կալանքի մեջ եմ գտնվում իր ոհմակի ներկայացուցչին Չհայհոյելու համար: Այսինքն, այս մարդու երեսպաշտությունն ու սեփական լկտի ստից չկարկամելը սահմաններ ու եզրեր չի ճանաչում: Սա բացահայտ ու ցինիկաբար ոչ հեռավոր ապագայում ուղիղ հարվածի տակ է դնում իր ուղիղ հրամանը կատարած քննիչներին ու դատախազներին, ինչպես նաև, պայմանական, մասիսմելքոնյաններին:
Հենց այս օղակի գրպանն է ապագայում մեղադրյալ փաշինյանը գցելու բացահայտ անարդար և խայտառակ քրեական գործերի պատասխանատվությունը: Այս նույն երեսպաշտությամբ ասելու է. «Ես հրապարակային ասել եմ, որ հայհոյախոսել ենք և՛ ես, և՛ թիմս, ի՞նչ մեղավոր եմ, որ, օրինակ, Գոռ Դավթյանն ակնհայտ ընտրողաբար մոտեցում ցուցաբերելով քրեական գործ է հարուցել այլ մարդկանց նկատմամբ, բայց իմ հրապարակային ինքնախոստովանությունը հիմք չի ընդունել»: Ու այստեղ ճիշտ է ասելու պարագլուխը, ապագայում նաև խիստ արդար է լինելու այսօրվա քննիչ-դատախազներին պատասխանատվության կանչելը միայն նրա համար, որ դրանց նմաններն ապագայի Հայաստանում տեղ չունենան: Բայց սրա մասին այլ առիթով ավելի ծավալուն կխոսեմ: Հիմա վերադառնանք նիկոլական էթիկայի կանոնագրքին: Բնականաբար, այդ «կանոնագրքում» առկա բովանդակությունը պարագլխի պաթոլոգիկ երեսպաշտության հայելային արտացոլանքն է` որևէ լրջության և վստահության նշույլ չենթադրող բառակույտով: Ուղղակի պարագլուխը նիկոլ չէր լինի, եթե անգամ այդ «կանոնագիրք» կոչվածի և իր ֆեյսբուքի գրառման միջև ակնհայտ տարբերություն կամ սուտ ու կեղծիք չլիներ:
Պարզվում է` երկրի թիվ մեկ ինքնախոստովանած հայհոյախոսի կողմից ֆեյսբուքում գրված` իբր հայհոյախոսությունը բացառելու համար ընդունած «կանոնագրքում» հայհոյախոսության մասին գեթ մի բառ չկա, իսկ եղած բովանդակությունը «հարգալից և արժանապատիվ» լինելու, ատելության խոսքը, ոտնձգությունը, ահաբեկումը «մերժելու» մասին ուղղակի ծաղր է հասարակության նկատմամբ:
«Ընդդիմադիրներին շինելու», «պետք ըլնի ուրիշ բանս թափ կտամ», «դրանց սաղին շինելու եմ» , «անառակաբարո դուրսպրծուկներ», «գնա քեռակնգադ դոմփի», «արի ցույց տամ տես, որ թլպատված չեմ» և այլ տեսակի հայհոյախոսության դրվագներով հայտնի տխրահռչակն ուղղակի իրավունք չունի խոսելու որևէ արժեքային կամ բարոյական ստանդարտների մասին: Իսկ իր թիմակիցների կողմից բորենիաբար մարդկանց տեսախցիկների տակ ծեծելու, փողոցում քաղաքացու վրա թքելու, սեռական բնույթի հայհոյանքներով խոսույթ օգտագործելու դեպքերը վստահաբար ապագայում քննության առարկա են դառնալու և, հարկ եղած դեպքում, պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Պարզապես սա պարագլխի կողմից հերթական թոզփչոցին է, միգուցե նաև արևմուտքի աչքերին, որով փորձում է արդարացնել իր հակառակորդների խոսքի ազատության նկատմամբ իրականացվող բիրտ և ապօրինի արշավը: Բայց մենք դա թույլ չենք տալու:
Հայ հանրությունն ու ողջ աշխարհը պետք է իմանա, որ այսօր Հայաստանի բանտերում ազատ խոսքի իրացման համար ազատազրկված են ռեժիմի հակառակորդները, իսկ երկրի թիվ մեկ հայհոյախոսն իր հայհոյախոսության մեղքը քավում է ֆեյք քահանաների կողմից մատուցվող անհասկանալի արարողակարգերի միջոցով:
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան,
«Արմավիր» ՔԿՀ, 02.12.2025թ.»։