կարևոր
445 դիտում, 50 րոպե առաջ - 2025-11-28 14:58
Աշխարհ

Մոսկվան ստացել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ–ի ծրագրի հիմնական կետերը. Պեսկով

Մոսկվան ստացել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ–ի ծրագրի հիմնական կետերը. Պեսկով

Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի (որը քննարկվում էր Ժնևում) հիմնական պարամետրերը փոխանցվել են Մոսկվային: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հիմնական պարամետրերը փոխանցվել են, այո'»,-հաստատել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը ստացել է համապատասխան փաստաթուղթը:

Պեսկովը նշել է, որ բոլոր կողմերը ձգտում են ուկրաինական կարգավորումը խաղաղ հուն բերել:

Խոսելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցի մասին` մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ժամկետների մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Մոսկվան չի բացահայտի քննարկվող կարգավորման բոլոր հնարավոր պարամետրերը:

«Բոլոր մանրամասները մենք հիմա չենք նշի, և, ըստ էության, նախագահը երեկ կոչ է արել չանել դա։ Այդ ամենը կքննարկվի»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները վերաբերում էին միայն Դոնբասի՞ն, թե՞ նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վարչական սահմաններին։

Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի խոսքերը հնարավոր պայմանավորվածությունների միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, հավելել է, որ դրանց հետ կապված նրբությունները պետք է որոշվեն բանակցությունների ընթացքում: