կարևոր
559 դիտում, 44 րոպե առաջ - 2025-11-26 13:37
Քաղաքական

Սուտ է, թե պատերազմի ժամանակ պահեստազորը մարտունակ չի եղել. բարձր աշխատավարձն ու ծառայության ժամկետի կրճատումը չէ, որ պետք է որոշի բանակի մարտունակությունը. Մովսես Հակոբյան

Սուտ է, թե պատերազմի ժամանակ պահեստազորը մարտունակ չի եղել. բարձր աշխատավարձն ու ծառայության ժամկետի կրճատումը չէ, որ պետք է որոշի բանակի մարտունակությունը. Մովսես Հակոբյան

Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բացասական է վերաբերվում այս որոշմանը։

«Բացասական եմ վերաբերվում ու վերջ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ չմանրամասնելով, թե ինչ հետևանքներ կարող է սա ունենալ։

Ազգային ժողովում այս նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել էր նաև վարժական հավաքներից ու նշել, որ վարժական հավաքների նպատակն է ունենալ պահեստազոր, որը կարող է դառնալ բանակի կարևոր բաղադրիչ։ Նախարարն ասել էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր։

Մովսես Հակոբյանը նշեց՝ լավ է, որ պահեստազորին պատրաստում են, բայց հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ պահեստազորը մարտունակ չի եղել, սուտ է։

«Սուտ են ասում։ Պահեստազորն ամբողջությամբ պատրաստ չի լինում, եթե բացեն նախկին պլանները՝ կհասկանան, եթե զինվորական լինեն՝ կհասկանան, որ մենք բավականին ռեսուրս ունեինք և՛ պահեստազորում, և՛ բանակում», - նշեց ԳՇ նախկին պետը։

Հակոբյանը համաձայն է Պապիկյանի այն դիտարկման հետ, որ աշխատավարձերի բարձրացման ու ծառայության ժամկետի կրճատման ֆոնին բանակում ծառայելու գրավչությունը էապես մեծացել է, բայց դա չէ, որ պետք է որոշի բանակի մարտունակությունը։

«Այն քայլերը, որոնք իրենք իրականացնում են, համապատասխանում են իրենց ասածին՝ բանակում բավականին բարձրացրել են աշխատավարձերը, ծառայության ժամկետն են կրճատում, բայց ուզում եմ ասել, որ դա չի որոշում բանակի մարտունակությունը»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «մարտունակ բանակ» հասկացությունը պետք է վերափոխել ու վերաձևակերպել «պաշտպանունակ բանակ»-ով՝ ԳՇ նախկին պետն արձագանքեց. «Ես չեմ հասկանում՝ ինչ բառ է դա, դպրոցում ինձ այդպիսի բառ չեն սովորեցրել»։