|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ»․ այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տարածած հայտարարության մեջ։
«Հայտնում եմ, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի՝ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու ու դրանց վերաբերյալ պարզաբանումներ տալու, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու եւ դիրքորոշումս ամբողջությամբ հիմնավորելու նպատակով իմ կողմից ս.թ. հուլիսի 15-ին և հոկտեմբերի 28-ին ԱԺ նախագահին հասցեագրված դիմումներին ի պատասխան նոյեմբերի 13-ին ստացել եմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պատասխանը:
Դրանով ինձ փաստացի հայտնվել է, որ քննիչ հանձնաժողովի՝ Ազգային ժողովի նախագահին ուղարկված զեկույցը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված զեկույցի իրավական կարգավիճակ չունի, հետևաբար՝ իմ մասնակցությամբ տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու մասին իմ խնդրանքի կապակցությամբ կիրառելի չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը:
Նման պատասխան ստանալուց հետո դիմել եմ ինձ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանական խմբին, ստացել համապատասխան իրավախորհրդատվություն, որի հիման վրա եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին կրկին գրավոր դիմել եմ ԱԺ նախագահին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալ քննիչ հանձնաժողովի կողմից նախապատրաստված փաստաթղթին:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել փաստաբանական խմբի տրամադրած պարզաբանումն ամբողջությամբ, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի հետ նամակագրությունը»։