կարևոր
1888 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 21:12
Հասարակություն

Ոչնչանում են անտառները, աղտոտվում է օդը. Դիլիջանի անտառներում հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով. Դանիելյան

Ոչնչանում են անտառները, աղտոտվում է օդը. Դիլիջանի անտառներում հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով. Դանիելյան

Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները: Հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը: 

«Հրդեհներ են «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են մեծաքանակ հրշեջ-փրկարարներ, պարեկներ, կամավորներ:

Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել հրշեջ-փրկարարներին՝ անձնազոհ աշխատանքի համար:

Ցավոք, կրակը ուժգնորեն տարածվում է, և հրդեհաշիջման աշխատանքները դեռևս չեն տալիս իրենց արդյունքը:

Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, քննարկվում է նաև դիտավորության վարկածը:

Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տարբեր շրջաններում լայնամասշտաբ հրդեհներ են տարածվում: Մինչ այս էլ հրդեհ էր բռնկցել Ճամբարակ-Թթուջուր հատվածում:

Սա աղետ է, չափազանց վտանգավոր միտում, որը կանխելու ուղղությամբ պատկան մարմինները պետք է ձեռնարկեն գործուն քայլեր՝ բնակիչների շրջանում իրազեկումից մինչև քննության պատշաճ իրականացում:

Այլապես, ոչնչանում են անտառները, աղտոտվում է օդը, ահռելի վնաս է հասցվում էկոհամակարգին»,- գրել է պատգամավորը: