կարևոր
1075 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-25 14:47
Հասարակություն

Խոշոր չափի չարաշահումներ և մեղադրյալներ Բարձրագույն կրթության կոմիտեում. ArmLur.am

Խոշոր չափի չարաշահումներ և մեղադրյալներ Բարձրագույն կրթության կոմիտեում. ArmLur.am

ArmLur.am-ը բացառիկ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության կոմիտեում բացահայտվել են խոշոր չարաշահումներ։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ արդեն կան մեղադրյալներ, իսկ նախնական տվյալներով՝ խոսքը վերաբերում է զգալի ծավալի չարաշահումներին։

Այս կապակցությամբ ArmLur.am-ը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե ինչ բնույթի խախտումներ են արձանագրվել Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարության ենթակայությամբ գործող նշված կառույցում։

Հակակոռուպցիոն կոմիտեից ArmLur.am-ին հայտնել են. «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի երկու պաշտոնյաների մեղադրանքներ են ներկայացվել իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համար»։

Միաժամանակ, ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ խոսքը շուրջ 200 միլիոն դրամի հասնող հնարավոր չարաշահումների մասին է։ Ընդ որում, պաշտոնյաներից մեկը, մեր տեղեկություններով, կալանավորվել էր։

Իսկ ի՞նչ գործառույթներ է իրականացնում այս կոմիտեն։

Ըստ պաշտոնական կայքի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է։

Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և ԲՈԿ-ի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները՝ ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը։

Հիշեցնենք, որ չարաշահումների խայտառակ գործ էլ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել էր նախարար Անդրեասյանի ընկերուհու ղեկավարած բուհում՝ Մանկավարժական համալսարանում, որտեղ պրոռեկտորն ու ռեկտորը անպատկերացնելի ենթադրյալ հանցանքներ են գործել, և նախաքննությունը դեռ շարունակվում է։