|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է
1990թ. «Ազգ» օրաթերթը հիմնած ու մինչ այսօր նրա անփոփոխ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է, բայց նույն եռանդով ու իր կենսափորձի ու ստեղծագործական նրբազգացության աներևույթ ջիղով շարունակում է կերտել «Ազգ»-ի պատմությունը:
Հայկական լրագրության պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի՝ ով է Հակոբ Ավետիքյանը, ինչ ստեղծագործական, պայքարի ճանապարհ է անցել ու ինչ հանգրվանի է հասել, բայց միայն գործընկերները գիտեն նրա մարդ տեսակը, նրա լայնախոհության, բարեսրտության, պատրաստակամության չափը, պետությանն ու լրագրությանը, երիտասարդ սերունդներին օգտակար լինելու անսահման ձգտումը:
Հակոբ Ավետիքյանը հայկական լրագրության մեջ ամուր և հուսալի ժայռ է, ուղենիշ, որին հետևել են հայկական լրագրության ամենատարբեր սերունդները և պիտի ձգտեն հետևել գալիք սերունդները:
Ծնվելով Սփյուռքում, բայց իր հարուստ, բովանդակալից կյանքի զգալի մասն անցկացնելով Հայաստանում՝ Հակոբ Ավետիքյանը երկու մշակույթների հատումն արտացոլել է նաև իր ստեղծագործական կյանքում, իր նրբաճաշակ ու արդարամիտ լրագրության մեջ:
Հարգելի պարոն Ավետիքյան, Հայաստանի ժուռնալիստների միության և անձամբ իմ անունից մաղթում եմ Ձեզ առողջ և երկար տարիների կյանք, հզոր ու արժանապատիվ Հայաստանում ապրելու ու ստեղծագործելու բարեբախտություն:
Ձեզնով հայ լրագրությունն այլ երանգ ունի, թող այդ գույնը չպակասի Հայկական լրագրության ներկապնակից:
Հարգանքով՝
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
21.11.2025թ.