կարևոր
460 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-08 16:55
Քաղաքական

Վաղարշապատում ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն կա․ այդ մասին հավանաբար գիտեն, դրա համար վայնասուն են բարձրացրել․ Իշխան Սաղաթելյան

«Իշխանություն» լրատվականն այսօր ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվել է, թե ինչու Վաղարշապատում ՀՅԴ-ականները չեն մասնակցում «Հաղթանակ» դաշինքի քարոզարշավին։ Լրագրողը հիշեցրել է, որ այդ մասին բարձրաձայնում են նաև իշխանությունները՝ ասելով, թե դրանում քաղաքացիներից թաքնվելու միտում են տեսնում։
 

«Նախ՝ «Հաղթանակ» դաշինքը երբ ձևավորվել է, ՀՅԴ-ն պաշտոնական հայտարարություն է արել այդ մասին, դա եղել է հրապարակային, թաքցնելու ի՞նչ կա․ ինչ վերաբերվում է, թե ինչի չեն մասնակցում  ընտրարշավին, նախ՝ Վաղարշապատի ընտրությունները տեղական ընտրություններ են, չնայած ունի քաղաքական շատ կարևոր նշանակություն, իսկ ինչ վերաբերում է մնացածին,  տեղում ձևավորված մեր թիմը, Սևակ Խաչատրյանը, ամբողջությամբ բավարար է ՔՊ-ի ոհմակի,  իրենց ամբողջ կառավարության, մարզպետարանի ու մնացած վարչական ռեսուրսի դեմ պայքարելու համար։ Հետևաբար, այս պահին անհրաժեշտություն չենք տեսնում, ունենք տեղում ձևավորված պրոֆեսիոնալ, հարգանք վայելող ավագանու ցուցակ, որի հնարավորություններն ամբողջությամբ բավարար են էդ ոհմակի դեմ պայքարելու համար»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։

«Խուդաթյանն ասում է՝ տեսախցիկներից այն կողմ Խաչատրյան Սևակի ձեռքը բռնում եք, հենց տեսախցիկները միացնում են՝ թողում եք»,-դիտարկում է արել լրագրողը, որին ի պատասխան ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ասել է․ «Իրենք խնդիր ունեն իրենց թեկնածուի, վարկաբեկված թիմի, Արցախը հանձնողի ձեռքը բռնելու, վարչական ռեսուրս օգտագործելու, ԱԱԾ-ից մինչև ուժային կառույցներ մարդկանց վախեցնելու և քվե պոկելու համար։ Մեր թիմը տեղում ձևավորված, նորից եմ ասում, հարգանք վայելող թիմ է, որն ամբողջությամբ աշխատում է։  Առթից օգտվելով մեկ անգամ նորից ասում եմ, որ բոլոր հնարավորությունները կան Վաղարշապատում ընդդիմության միասնական ջանքերով ՔՊ-ին իշխանազրկելու համար։ Իրենք, հավանաբար, այդ մասին գիտեն, դրա համար վայնասուն են բարձրացրել։ Իսկ ինչ վերաբերվում է ժողովրդի մեջ դուրս գալուն, թող իրենք վախենան ժողովրդի մեջ դուրս գալուց, իրենք են Արցախը հանձնել, իրենք են 5000 մարդու գլուխ կերել։ Մենք առավոտից երեկո ժողովրդի մեջ ենք, շաբաթվա երեք օրն էլ մարզերում ենք, և, ի տարբերություն իրենց պետական պահպանության կարիք չունենք, զորք պետք չի մեզ հսկի, որ մարդկանց հետ շթվենք»,-նշել է Իշխան Սաղաթելյանը։
 

Մեջբերելով ՔՊ-ականների խոսքը, «Իշխանություն» լրատվականը հիշեցրել է․ «Իրենք էլ ասում են՝ մենք մանկապարտեզներ ենք սարքել, դուք չեք սարքել, դուք թալանել եք»։

«Երեկ, իմիջիայլոց, Սևակ Խաչատրյանը շատ լավ է արձագանքել․ իրենք 200-ից ավելի մանկապարտեզ, 187 գյուղ, հայկական Եկեղեցիներ, ի վերջո, Արցախի Հանրապետությունն են ծախել ու հանձնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով․ «Մեր ավագանու ցուցակը չունի Երևանի աջակցության կարիքը, իրենք դա ունեն, նորից եմ ասում, հայրենիք հանձնած թիմի համար շատ դժվար է քվե ստանալ։ Սա է սրանց վայնասունի պատճառը, բայց անհոգ եղեք, նորից եմ կրկնում, բոլոր հնարավորությունները կան իրենց իշխանազրկելու, իրենք դա հասկանում են և դրանով է պայմանավորված այս վայնասունը»։

Հարցին, թե ինչպես է գնահատում Սևակ Խաչատրյանի շանսերը, Իշխան Սաղաթելյանը նշեց։

«Շատ լավ, «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակը հարգանք վայելող, պրոֆեսիոնալ երիտասարդներից է բաղկացած։ Նորից եմ ասում, «Հաղթանակ» դաշինքը Երևանից աջակցության կարիք չունի, ՔՊ-ն էդ խնդիրն ունի։ Երբ որ գտնենք անհրաժեշտությունը կա, տեղում կլինենք, բայց էս պահին տեղի ուժերն այդ ոհմակի դեմ պայքարելու համար ամբողջապես բավարար են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։