կարևոր
988 դիտում, 6 ժամ առաջ - 2025-11-08 10:00
Քաղաքական

Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»

Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանյան քաղաքական դաշտի, այսպես կոչված, արևմտյան սեգմենտում լուրջ քննարկումների մեջ են, թե ինչպես մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Հարցն այն է, որ այդ դաշտում գործող քաղաքական ուժերն իրենք էլ հիանալի հասկանում են, որ առանձին մասնակցելու դեպքում ինչ-որ փոքր տոկոսներ հավաքելու հնարավորությունն անգամ չկա: Ուստի, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է բոլորով մեկ միասնական դաշինքով հանդես գալու հարցը, հատկապես, որ Գյումրու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ նույնիսկ 3-4 միավորով միանալու դեպքում արդյունքները բավարար չեն: Սակայն այստեղ էլ առաջ է գալիս հարց, թե ով կարող է լինել այդ «ալ յանսի» առաջնորդը: Ի սկզբանե հատկապես իշխանություններին ձեռնտու է եղել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի թեկնածությունը, բայց իշխանություններին անվերապահ աջակցելու դրսևորումների արդյունքում, ինչպես նաև նույն Գյումրու ընտրություններից, առավել ևս նրա թեկնածուի ուղիղ «մասնակցությամբ» Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի դեմ «գործ սարքելու» վերջին դրսևորումից հետո Սարգսյանի վարկանիշը (որքան էլ որ եղել է) սարսափելի ընկել է:

Ըստ այդմ, մեր ունեցած տեղեկություններով, հիմա ինտենսիվ քննարկումներ են ընթանում արևմտյան ողջ բլոկը միավորելու շուրջ՝ Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի առաջնորդությամբ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը հատկապես վերջին շրջանում ոչ միայն ինքն է բավականին ակտիվ, այլև շատ ակտիվ շփումների մեջ է արևմտյան կողմնորոշում ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների, նաև անկուսակցական անհատների հետ: