կարևոր
595 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-30 20:35
Աշխարհ Քաղաքական

Արցախի հայկական ժառանգությունը՝ խեղաթյուրման և ոչնչացման սպառնալիքի ներքո

Արցախի հայկական ժառանգությունը՝ խեղաթյուրման և ոչնչացման սպառնալիքի ներքո

Արցախի հայկական մշակութային ժառանգությունը լրջորեն վտանգված է՝ գտնվելով Ադրբեջանի վերահսկողության ներքո, մի պետության, որը ո՛չ միայն այդ ժառանգությունը չի ճանաչում, այլև՛ այդ ուրույն հայկական ժառանգությունը այլ մշակույթներին վերագրելու համար մոգոնում է նորանոր հնարքներ ու մեխանիզմներ։ Այդ հնարքները միտված են արցախահայության կապը իր սեփական մշակութային ժառանգության հետ կտրելուն։

«Ադրբեջանի նպատակն այն է, որ հայերը զրկվեն այդ տարածքների վրա իրենց ունեցած որևէ իրավունքից և իրենց ժառանգության հետ որևէ կապից։ Սա է նպատակը», — շեշտում և զգուշացնում է Ֆրանսահայ վաստակավոր գիտնական, հայկական ճարտարապետության պատմության մասնագետ Պատրիկ Տոնապետյանը։

Տոնապետյանը ընդգծում է, որ միջազգային կառույցները՝ ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի ճյուղերից մեկն է, կամ ԱԼԻՖ-ը՝ «Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինք» կոչվող հիմնադրամը, որի առաքելությունն է դրամաշնորհային ծրագրրի միջոցով փրկել հակամարտությունների գոտիներում գտնվող պատմամշակութային ժառանգությունները, չեն կարող Արցախի հուշարձանները պաշտպանելու համար որևէ գործողություն ձեռնարկել կամ այդպիսիք պարտադրել՝ առանց Ադրբեջանի համաձայնության։

«Այդ տեսանկյունից գտնվում են փակուղիում: Ո՛չ մեկ այլ երկիր, ո՛չ մի գիտականների խումբ կամ հասարակական կառույց չի կարող միջամտել՝ առանց տվյալ երկրի համաձայնության», — ասում է նա։ «Մենք՝ գիտնականներս, արվեստի՝ ճարտարապետության պատմաբաններս, արդեն մի քանի տարի է, որ գործում ենք մի ուղղությամբ, որը միակն է, որ մեզ հասանելի է. դա տեղեկացնելն է։ Տեղեկություն հասցնելը, ցույց տալ Արցախի հայկական մշակութային ժառանգության հարստությունը, ցույց տալ այն ավերածությունները, որոնք գործվել են այս վերջին տարիների ընթացքում, մարդկանց բացատրել, թե ինչո՛ւմն է վտանգը, թե որքա՛ն ծանր են, որ չա՛փ կարևոր են բոլորիս համար, ամբողջ աշխարհի համար այդ պատմամշակութային ժառանգության կորուստները»:

Վերջին տարիներին Բաքուն ոչ միայն ոչնչացրել է Արցախի հայկական հուշարձանները, այլև խեղաթյուրում է դրանց ինքնությունը, օրինակ, Շուշիի Մայր տաճարը՝ Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչը ներկայացնելով որպես ռուսական եկեղեցի, իսկ հին հայկական վանական համալիրները փորձում վերագրել աղվանական ժառանգությանը։

Արցախի մշակութային ժառանգությունը, ընդգրկելով հազարամյակների շերտեր՝ հնագույն քաղաքներից մինչև միջնադարյան վանական համալիրներ ու անհամրելի խաչքարներ, համամարդկային արժեք ունի։ Մեր պարտականությունն է պահպանել Արցախի հայկական բնիկ ժողովրդի կապը իր ժառանգության հետ և կանխել այդ ժառանգության վերագրումը, դրա անհասանելի կամ օտար դարձնելը, եզրափակում է Տոնապետյանը։

Մարիամ Խաթլամաջյան

Ավելին՝ տեսանյութում: