կարևոր
1042 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-16 01:33
Քաղաքական

Շուրջ 11 ժամ է ընթանում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցի քննարկումը

Շուրջ 11 ժամ է ընթանում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցի քննարկումը

Շուրջ 11 ժամ է՝ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։

Դատարանի բակում են հավաքվել նրա ընտանիքի անդամները, ընկերներն ու հազարավոր աջակիցներ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Հավաքվածները «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Արդարություն» վանկարկումներով սպասում են դատարանի որոշմանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը ժամեր առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակնկալիքների շատ ցածր նշաձող ունեն․

«Հաստատապես մեր դիրքորոշումների պայմաններում, եթե մենք ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։ Ակնկալիքի մեր նշաձողը բավականին ցածր է։ Մենք չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև հասկանում ենք, որ դա կլինի միամտություն այսօրվա պայմաններում։ Մի բան շատ հստակ է, որ ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը, աջակցությունը շատ կարևոր է։ Փուլային իմաստով հիմա դատարանը հարցեր է տալու մեզ»,– նշեց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Հոկտեմբերի 11-ին քննիչը կալանքի երկարաձգման միջնորդություն է ներկայացրել։ Հակակոռուպցիոն դատարանում միջնորդության քննությունը սկսվել է երեկ՝ ժամը 18։00-ից։ Այնուհետև կեսգիշերն անց՝ ժամը 02։00-ին, ընդմիջում հայտարարվեց։ Նիստը շարունակվեց այսօր՝ 15։00-ից։