կարևոր
583 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-12 12:10
Աշխարհ

Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը

Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը

Լոս Անջելեսում վախճանվել է հայտնի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր Դայան Կիտոնը: Հունվարին նա կդառնար 80 տարեկան։

Դայանը երբեք ամուսնացած չի եղել, ունեցել է երկու զավակ՝ Դեքստերը և Դյուկը։ Դերասանուհին նրանց որդեգրել է 1996 և 2001 թվականներին:

Կիտոնի վախճանվելու բոլոր մանրամասներն ու պատճառը ընտանիքը խնդրել է գաղտնի պահել։

«Այս պահին այլ մանրամասներ չկան, նրա ընտանիքի խնդրանքով մանրամասները գաղտնի են մնում», - հայտնում է People-ը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:

Կիտոնը «Օսկար» է ստացել «Էննի Հոլլ» ֆիլմում իր դերի համար։ Նրա մյուս նշանավոր գործերից են «Կնքահայրը», «Հարսնացուի հայրը», «Մարվինի սենյակը» ֆիլմերում դերերը, ինչպես նաև «Heaven is a Place on Earth» տեսահոլովակի և «Unstrung Heroes» ֆիլմի ռեժիսուրան։

2017 թվականին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը նրան մրցանակ է շնորհել կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար։ Ընդունելով մրցանակը՝ դերասանուհին հրաժարվել է կատարել «Seems Like Old Times» երգը, որը հնչել էր «Էննի Հոլլ»-ում։

Կիտոնը նաև լուսանկարիչ և գրող էր։ Նա հրատարակել է մի քանի հուշեր՝ «Հետո նորից» (2011), «Այսպես ասենք՝ դա լավ չէր» (2015) և «Եղբայր և քույր» (2020), ինչպես նաև ակտիվորեն զբաղվել է Լոս Անջելեսի ճարտարապետական ժառանգության պահպանմամբ։