կարևոր
484 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-06 14:58
Հասարակություն

Վաղուց է հասունացել Փաշինյանին պաշտոնազրկելու անհրաժեշտությունը․ հենց ժողովուրդը հավաքվում է, բացահայտ տալիս ջարդում եք գլուխները․ Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը լիակատար աջակցում է հայտարարության նախագծին, քանի որ այն «արտացոլում է գործող կառավարության և քաղաքական իշխանության ձախողումները իրավաքաղաքական հիմքերի առումով»։ Նա շեշտեց, որ նույնիսկ ավելի ծանր մեղադրանքներ կարող էին ներառվել՝ «սկսած պաշտոնական լիազորությունների անցումից մինչև պետական դավաճանության առերևույթ հանցակազմ պարունակող արարքներ»։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը մշտապես օրակարգում է ունեցել անվստահության հարցը, սակայն իշխանությունը «իր մեծամասնության կարգավիճակը չարաշահելով» տապալել է արտահերթ նիստերը և «ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ վնասվածքներ պատճառել քաղաքացիներին»։

Մինասյանը քննադատեց նաև իշխանական պատգամավորներին՝ ընդգծելով․

«Ժողովուրդը չի ընտրում Հայաստանի Հանրապետությունում վարչապետ, ժողովուրդն ընտրում է պատգամավորներ, կուսակցություններ, դաշինքներ, որոնք պարտավոր են ձևավորել կառավարություն։ Պատասխանատվությունը ձեր ուսերին է, ոչ թե ժողովրդի»։

Նա հավելեց, որ իշխանությունը հասարակական դժգոհությունը փորձում է վերագրել միայն փողոց դուրս գալուն․

«Եթե ժողովուրդը համաձայն չէ, պիտի գա հրապարակ գլուխ ջարդի՞։ Իշխանափոխությունը սեր խոստովանելու ֆեստիվալ չէ»։

Եզրափակելով՝ Մինասյանը ասաց․

«Այո, վաղուց է հասունացել Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու անհրաժեշտությունը։ Բոլոր հիմքերը կան։ Խնդիրը միայն այն է՝ արդյո՞ք մեծամասնությունը կգտնի իր մեջ այդ կամքը»- ասաց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։