Փոխարժեքներ
05 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է Թբիլիսիում հոկտեմբերի 4-ին՝ տեղական կառավարման մարմինների ընտրությունների օրը, անցկացված բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի բոլոր հինգ անդամների ձերբակալման մասին, հաղորդում է Новости-Грузия-ն։
Ձերբակալվածներն են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Իրակլի Նադիրաձեն, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Մուրտազ Զոդելավան, Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին փոխղեկավար Լաշա Բերիձեն, «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության գլխավոր քարտուղար Պաատա Մանջգալաձեն, ինչպես նաև «Ռուսթավելի պողոտա» հասարակական հարթակի հիմնադիր, հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն։
Նրանց մեղսագրվում են «Վրաստանում իշխանության տապալման կոչերի հնչեցում» և «խմբակային բռնության կազմակերպում»։ Այս հանցագործությունները պատժվում են մինչև 9 տարվա ազատազրկմամբ։
«Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները հնչեցրել են բռնության կոչեր, ընդ որում՝ նման կոչեր հնչել են նաև հոկտեմբերի 4-ից առաջ։ ՆԳՆ-ն բազմիցս դիմել է ակցիայի մասնակիցներին՝ կոչ անելով ապահովել խաղաղ բնույթ և չխախտել օրենքը։ Սակայն այն բանից հետո, երբ ակցիայի ընթացքում հնչել են բռնության կոչեր, մի քանի մասնակիցներ և կազմակերպիչներ կոտրել են Աթոնելի փողոցում գտնվող նախագահական պալատի ցանկապատերը և փորձել գրավել այն», — հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Խաղաղ հեղափոխության» նշված նպատակով անցկացված բողոքի ակցիան տեղի է ունեցել Թբիլիսիում՝ զուգահեռ տեղական ընտրություններին։ Կազմակերպչական կոմիտեն հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը ոչ լեգիտիմ է և պահանջել է սկսել «իշխանության խաղաղ փոխանցման» գործընթաց։ Կուսակցության քաղաքական խորհրդի կոչով ցուցարարների մի մասը փորձել է ներխուժել նախագահական նստավայր, որը գտնվում է բողոքի հիմնական վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Հատուկ նշանակության ջոկատները ցրել են ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Մերձակա փողոցներում ցուցարարները բարերի և ռեստորանների գույքով բարիկադներ են կառուցել։ Այդտեղից ոստիկանության ուղղությամբ արձակվել են հրավառության նյութեր և քարեր։
Առողջապահության նախարարությունը հայտնել է ՆԳՆ 21 աշխատակցի և 6 ցուցարարի հոսպիտալացման մասին։