Փոխարժեքներ
02 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.74 |
EUR | ⚊ | € 448.8 |
RUB | ⚊ | ₽ 4.6795 |
GBP | ⚊ | £ 515.63 |
GEL | ⚊ | ₾ 140.69 |
2020թ.-ի հոկտեմբերի 2-ին Մատաղիսի պաշտպանության ժամանակ թշնամու գնդակից անմահացավ 3 րդ դասակի հրամանատար, Արցախյան պատերազմների մասնակից, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ ընկեր Գեղամ Մուշեղյանը:
Պատերազմի մեկնարկից հետո Գեղամ Մուշեղյանն առաջիններից էր, որ իր կուսակից ընկերների հետ անմիջապես մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու իր և իր ընկերների կողմից դեռ 26-29 տարի առաջ ազատագրված Արցախը։ Պատերազմի առաջին օրը նա էր զինվորագրում իր կուսակից ընկերներին, իսկ դրանից հետո նրանց հետ միասին մեկնեց ռազմաճակատ։
Հոկտեմբերի 2-ին դիպուկահարի դավադիր կրակոցից Մատաղիսի մոտակայքում զոհվեց ընկեր Գեղամը։ Նա առաջին զոհն էր մոտ 5 տասնյակ այն դաշնակցականներից, որոնք նահատակվեցին հանուն Արցախի պաշտպանության։
Դեռ երիտասարդ տարիներից, անդամագրվելով անկախացող Հայաստանում վերահաստատված ՀՅ Դաշնակցությանը, Գեղամ Մուշեղյանն իր մարտական ուղին սկսեց Շուշիի առանձին հրաձգային գումարտակի (3804 զորամաս) կազմում` մասնակցելով Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին:
Նա 1993թ. մայիսի 1-ից մինչև 1993թ. օգոստոսի 31-ը մասնակցել է Ղարաչիլարի, Գյուլաթաղի, Կուսապատի, Հակոբ Կամարիի, Մաղավուզի, Մարտակերտի հեռուստաաշտարակի, Կիզիլ-Կենգերլի, Սոֆիլուի, Բոյախմեդլիի ազատագրական և պաշտպանական գործողություններին, իսկ հրադադարից հետո՝ 1994թ. մայիսի 15-ից մինչև օգոստոսի 10-ը, Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Ջրաբերդ-դաշտ, կայան֊Մարտակերտ տեղամասի պահպանությանը։
Գեղամ Մուշեղյանն իր մասնակցությունն ունեցավ նաև Ապրիլյան քառօրյային. 2016 թ. ապրիլի 4-ից մինչև 22-ը, ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում իրականացրել է մարտական հերթապահություն Թալիշ գյուղի մատույցներում։
2020 թ. սեպտեմբերի 27-ին «Կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորական գումարտակի 1-ին վաշտի կազմում, որպես դասակի հրամանատար, Գեղամ Մուշեղյանը մասնակցել է մարտական գործողություններին՝ 6֊րդ ՊՇ պաշտպանության տեղամասում:
2020 թ. հոկտեմբերի 2-ին 6֊րդ ՊՇ հրաձգարանի հարակից բարձունքներում, հմտորեն ղեկավարելով ենթակա դասակի գործողությունները, կասեցրել է թշնամու դիվերսիոն հետախուզական գերազանցող ուժերի հարձակումը: Ցավոք, նշված մարտը վերջինը եղավ հերոս հայորդու համար. թշնամուն հասցնելով կենդանի ուժի կորուստներ՝ Գեղամ Մուշեղյանը հերոսաբար զոհվեց։
Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար Գեղամ Մուշեղյանը 2007 թ. պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2020 թ.՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու)։
Արցախյան երեք պատերազմի մասնակից դաշնակցական ընկեր Գեղամ Մուշեղյանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում։
Փա’ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսներին։