կարևոր
1192 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 16:33
Հասարակություն

Վեհափառի նախկին գավազանակիրը պաշտոն է ստացել Կառավարությունում

Վեհափառի նախկին գավազանակիրը պաշտոն է ստացել Կառավարությունում

MediaHub-ը գրում է․ «Հայաստանում ստեղծված հակաեկեղեցական ֆոնին ասպարեզ դուրս եկան նաև որոշ նախկին եկեղեցականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին եկեղեցու ծառայությունից: Այդ մարդկանց շարքում էր նաև Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Նշան):

Նա Հանրայինի եթերում հայտարարել էր, որ Գարեգին Բ-ն զավակ ունի, ինչ-որ գումարներ է յուրացրել, եկեղեցին էլ դարձրել է իր համար բիզնես: Այլ կերպ ասած՝ միացել գործող իշխանության հակաեկեղեցական պայքարին: 

Եվ այս ամենի հատուցումը չուշացավ:

MediaHub-ի տեղեկություններով՝ Նշան Հովհաննիսյանը Կառավարությունում պաշտոն է ստացել: Ավելի կոնկրետ, մեզ ասացին, որ նա նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: Հրամանը ստորագրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Այդ բաժնի պետ Վարդան Ասցատրյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը:

«Մոտ մեկ ամիս է` նա այստեղ աշխատանքի է անցել: Դեռևս փորձում է հարմարվել աշխատանքին: Իր համար աշխատասենյակն արդեն պատրաստ է, անհրաժեշտ ամեն բան արվել է»,- նշեց Ասցատրյանը:

Հարցին, թե ո՞ր արժանիքի համար է Հովհաննիսյանն անցել աշխատանքի, արդյո՞ք Վեհափառին զրպարտելու գինը սա էր, մեր զրուցակիցը պատասխանեց` այդ ամենով Կադրերի վարչությունն է զբաղվել:

«Թե ինչպես է նա դիմել աշխատանքի համար, մրցույթ եղել է, չի եղել, այդ ամենը Կադրերի վարչությունից պիտի ճշտեք: Ես գիտեմ, որ մոտ մեկ ամիս է` այստեղ է աշխատում»,- ասաց Ասցատրյանը:

Հարցին՝ հիմա՞ էլ Հովհաննիսյանը կարող է գնալ Հանրայինի տաղավար ու տարբեր հայտարարություններ անել, Վարդան Ասցատրյանը պատասխանեց` ոչ:

«Ես իր հետ այդ թեմայով խոսել եմ: Իր պաշտոնը նման ակտիվ հանրային խոսք չի ենթադրում: Մենք այդ հարցի շուրջ զրուցել ենք»,- ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի երկարամյա պետը:

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք գոհացնում է Նշան Հովհաննիսյանի աշխատանքն իրեն, Վարդան Ասցատրյանը պատասխանեց` դեռ վաղ է այդ մասին խոսելը:

Նշենք, որ Նշան Հովհաննիսյանը 2 անգամ կարգալույծ է հռչակվել: 

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ մղվող պայքարին միացողներին վարձահատույց լինելու մասին»: