Փոխարժեքներ
01 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքում օրեր շարունակ ուժեղացված հսկողություն է սահմանված։ Հատկապես լարված է իրավիճակը Մերձավան բնակավայրում, որտեղ բնակվում են Ախտոյաններն ու Գրիգորյանները։
Տեղեկացանք, որ ոստիկանությունը հսկում է ե՛ւ Գրիգորյանների, ե՛ւ Ախտոյանների ե՛ւ Նարեկ Օհանյանի բնակարանները:
Մեր իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, իսկ ծառայողները, մինչեւ ատամները զինված, հսկում են գյուղի անցուդարձը։ Պատճառը Վալոդյա Գրիգորյանի եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունն է։ Իրավապահները չեն բացառում, որ դեպքից հետո կարող է տեղի ունենալ վենդետա, քանի որ քննության ընթացքից դժգոհ են ե՛ւ տուժող ե՛ւ սպանության համար մեղադրվող կողմերը։
Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուժեղացված ծառայության մեջ ներգրավված ոստիկանների շրջանում դժգոհություններ են բորբոքվում. նրանք դժկամությամբ են արձանագրում, որ օրուգիշեր ստիպված են հերթապահել Փարաքարի փողոցներում։
«Հնարավոր չէ ֆիզիկական ներկայությամբ հավերժ ապահովել գյուղի անվտանգությունը եւ կանխել ծանր հանցանքները», – մեզ հետ զրույցում ընդգծել է ոստիկանական աղբյուրը։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին տեղի ունեցած ծեծկռտուքի եւ սպանության հաջորդող ամիսներին եւս նույն համայնքում ուժեղացված հսկողություն էր սահմանվել։ Նույնիսկ հենակետեր էին տեղակայվել, սակայն այդպես երկարաժամկետ շարունակվել չէր կարող։
Արդյունքում, որոշ ժամանակ անց հսկողությունը թուլացավ, հենակետերը հանվեցին, եւ հնչեցին դավադիր կրակոցներ, որոնց արդյունքում սպանվեցին երկու երիտասարդ տղամարդիկ»։