Փոխարժեքներ
01 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
Դեռ ժողովուրդը չէր հասցրել մարսել Սուրբ Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի «հոգու ճիչը», մեկ էլ հանկարծ հասարակության տեսադաշտում է հայտնվում Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը և մի ամբողջ ողբ ձոնում Հայոց Եկեղեցու հասցեին։ Եթե Խորենացին կենդանի լիներ, հաստատ իր հայտնի «Ողբ»-ով կնախանձեր։
Տեր Թադեի ողբանման գրառման մեջ իմ աչքից չվրիպեց հետևյալ նախադասությունը․ «Մեր Եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն՝ անարգված։ Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ․․․»։ Հիմա ընթերցողը կհարցնի՝ բա եթե ազատ խոսքն անարգված է, ինչպե՞ս է ստացվում, որ գործող քահանա լինելով հանդերձ, կարողանում եք ազատորեն քննադատել Ձեր հոգևոր տունը, ընտանիքի անդամներին, դեռ մի բան էլ հանրային հարթակներում Ձեր բառապաշարին ազատություն տալիս։
Ինչև է, մեծ դժվարությամբ Yerkir.am-ը կապ հաստատեց Տեր Թադեի հետ, զրույցից առաջ ասացի, որ լրագրողը ժողովրդի խոսափողն է, այն ժողովրդի, որին ինքը համարում է իր հավատավոր հոտը։ Հետևաբար, իր հավատավոր հոտը մեր միջոցով իրենից պարզաբանումներ է պահանջում՝ հարցերի տեսքով։ Տեր Թադեն չառարկեց, և ընդամենը մի քանի րոպե տևած հեռախոսազրույցի մանրամասները ներկայացնում ենք ստորև․
-Նախ՝ օրհնեցեք Տեր Հայր, երբ առաջին զանգի ժամանակ բարևի փոխարեն ասացի՝ Օրհնեցեք Տեր Հայր, զանգս անջատեցիք, ինչի՞ց էիք կաշկանդված։ Հայտարարել էիք, որ սատարում եք Տեր Արամին, ուստի մեր հայրենակիցները Ձեզ հարցնում են՝ աստվածաբանական ի՞նչ հիմքերով եք հրապարակայնորեն ընդդիմանում Եկեղեցու Հայրապետին։
-Այսպես պատասխանեմ, այս փուլում ինչ որ գրել եմ, իմ մտքերը որ հանձնել եմ, այս փուլում բավարարվենք այսքանով։
-Լավ, էդ դեպքում՝ հաջորդ հարցը․
-Բոլոր հարցերով, ինչ ես գրել եմ, թող այս փուլում սպասեն։
-Բայց Ձեր հավատավոր հոտն է հարցեր ուղղում։
-Հասկանում եմ, թող էս փուլում սպասեն, սահմանափակվենք էսքանով։
-Իսկ ինչո՞ւ են Ձեր գրառմանը խանդավառված արձագանքել միայն ՔՊ-ականները, իշխանականները, Թալինի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանն էլ հատուկ կիսվել է իր էջում․ ինչո՞ւ են հե՛նց իշխանականները ոգևորվել Ձեր գրածով, հատուկ հանձնարարությո՞ւն եք կատարում։
-Դա կարող եք հարցնել պարոն Սափեյանին կամ մյուսներին, ովքեր որ գրել են, ովքեր որ արձագանքել են՝ լավ կամ վատ։
-Իսկ հրապարակային քննադատություններով չեք խարխլո՞ւմ Եկեղեցու հեղինակությունը, միասնությունը։
-Այս փուլում այսքանով սահմանափակվենք, հետագայում ավելի պարզ կդառնա։
-Ձեր այս վարքագծով Դուք կա՛մ քաղաքական շահ ունեք, կա՛մ անձնական, հիմա Ձեր շահը ո՞րն է, քաղաքակա՞ն է, թե՞ անձնական, որ նման հայտարարություն եք արել։
-Իմ շահը ժողովրդի՝ հոտի փրկության մեջ ա։
-Բայց Ձեր հավատավոր հոտը Ձեզ մեղադրում է, ասում է՝ խարխլում եք եկեղեցու հեղինակությունն ու միասնությունը։
-Դա կարծիք ա, ես հարգում եմ յուրաքանչյուրի կարծիքը։
-Ձեր գրառման մեջ եղբայրասիրությունից եք խոսում, բայց էսօր իշխանությունը 2 տարի 6 ամսով դատում է Ձեր հոգևոր եղբորը՝ Միքայել Սրբազանին, ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս վարքագիծը։
-Եկեք, այն, ինչ որ ես գրել եմ, այդքանով սահմանափակվենք։ Էս խոսակցությունը գնալով ձգձգվում ա։
-Այդ դեպքում վերջին հարցը․ քահանա ձեռնադրվելիս, Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու հանդեպ հավատարմության և հնազանդության վկայություն եք տվել, Ձեր այդ խոստումն ու էսօրվա վարքագիծը համատեղելի՞ են։
-Պարզ հարց է, որն ունի շատ պարզ պատասխան, բայց էս փուլում էսքանով սահմանափակվենք։
-Շատ լավ, և ինչպես տեղեկացրել էի զրույցի սկզբում Ձեր խոսքը ձայնագրվում է, և նյութի տեքսով հրապարակելու եմ։
Հերմինե Զեյնալյան