կարևոր
1834 դիտում, 13 ժամ առաջ - 2025-09-27 11:26
Հասարակություն Քաղաքական

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը:

Այսպես սկսվեց Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը:

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանական զինված ծառայողները Հադրութում գնադակահարեցին խաղաղ բնակիչներ 73-ամյա Բենիկ Հակոբյանին և 25-ամյա Յուրի Ադամյանին` փաթաթելով Հայաստանի ու Արցախի դրոշներով։

Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական զինված ծառայողները գրավեցին Հադրութի Ազոխ գյուղը և գլխատեցին գյուղի բնակիչ 80-ամյա Յուրի Ասրյանին: Հոկտեմբերի 28-ին գլխատեցին Ասկերանի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանին` գլուխը խոզի մարմնի վրա դրված. հենց ադրբեջանական զինվորականներն իրենք էին նկարահանել գլխատումների ամբողջ ընթացքը, որ հետո իրենց բացառիկ ցինիզմով տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:

Այս կերպ պատերազմի ընթացքում ու անգամ պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ։

Ադրբեջանական նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:

COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կաթվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը:

Ամբողջն ուղեկցվում էր հայերի նկատմամբ ռասիզմի, թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական պետական քաղաքականություն էր: Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են:

Իրական խաղաղությունը միայն իրական երաշխիքներով է լինում, ուժեղ ու դիմակայուն պետություն ունենալով է լինում, որտեղ չկա ներքին պառակտում, որտեղ հանրային համերաշխությունն ու իրավունքը խաղաղություն են ապահովում նաև երկրի ներսում:

Խոնարհումս բոլոր նրանց հիշատակի առաջ, որոնք ընկան հանուն հայրենիքի»։