կարևոր
730 դիտում, 10 ժամ առաջ - 2025-09-23 16:55
Հասարակություն

Խտրական մոտեցում է ցուցաբերվում Միքայել Սրբազանի նկատմամբ․ արդար վերդիկտի չեմ սպասում դատարանի կողմից․ փաստաբան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում՝ քաղաքական թելադրությամբ պայմանավորված։ Այս մասին եզրափակիչ ելույթում ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։ 

« 2021թ․ ընտրությունների ժամանակ ընտրողների 26,5 տոկոս ձայն հավաքած ՔՊ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծված այս հակաեկեղեցական արշավի շրջանակներում է Միքայել Սրբազանը հայտնվել այս քրեական գործի թիրախում։ Ընդ որում, այսօր էլ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձ է կատարել հոգևորականներին, այդ թվում՝ Միքայել Սրբազանին և Երևան-Կենտրոն ՔԿՀ-ին, ակնարկները բոլորիս էլ հասկանալի են» ,- ասաց Զոհրաբյանը՝ արձանագրելով, որ չունի լավատեսություն, քանի որ արդար դատաքննության դեպքում դատարանը առաջին հերթին գործն ընդդատությամբ կուղարկեր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Բացի այդ, կալանքի ժամկետը երկարացնելիս՝ դատարանը հաշվի չի առել ո՛չ Սրբազանի տարիքը, ոչ նրա հոգևորական լինելու հանգամանքը, ոչ նրա անձը բնութագրող հատկանիշները։ Պաշտպանի դիտարկմամբ՝ դատարանը ոչ միայն սեփական նախաձեռնությամբ է սեպտեմբերի 2-ին որոշել երկարացնել կալանքի ժամկետը, այլև՝ կեղծ տվյալ է ներառել՝ իբրև ԶԼՄ-ների հետ շփման արգելքի վերաբերյալ, ինչը չի եղել ի սկզբանե։ 

Պաշտպանի կանխատեսմամբ՝ Սրբազանին դատարանը մեղավոր է ճանաչելու, ազատության զրկման հետ կապված այնպիսի պատիժ սահմանելու, որ Սրբազանին մինչև ընտրություն պահեն կալանքի տակ։

«Սա է, ի վերջո, որ կդառնա այն ապացույցը՝ վարչապետ-դատարան-դատավոր փոխհամագործակցության մասին»,- ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով մեղադրանքին՝ Զոհրաբյանը նշեց, որ Սրբազանին առաջադրված մեղադրանքը նույնիսկ աչքաչափով մեղադրանք չի կարելի համարվել։
«Մեղադրանքը մեզ համար պարզ չէ, մեղադրողները դատարանում այդպես էլ ոչ միայն չեն հիմնավորել, այլև՝ նույնիսկ չեն ներկայացել թե ի վերջո Սրբազանի կոչերն ինչին են ուղղված եղել՝ իշխանությունը զավթելո՞ւն, թե՞ սահմանադրական կարգը տապալելուն, թե՞ երկուսն էլ»,- ասաց Արա Զոհրաբյանը։ 

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին հայտարարել է Հայաստանում չորրորդ հանարապետության ստեղծման մասին. «Այս կոչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բացեիբաց հայտարարում են Հայաստանի երրորդ Հանրապետության քանդման մասին։ Հենց սա է սահմանադրական կարգը տապալելու կոչ»։ 

Պաշտպանի արձանագրմամբ՝ Միքայել Սրբազանը քաղաքական հետապնդման զոհ է, խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, ազատության իրավունքը։ Զոհրաբյանը պահանջեց արդարացնել Սրբազանին։ 

Մանրամասն՝ տեսանյութում։