կարևոր
1594 դիտում, 17 ժամ առաջ - 2025-09-23 09:50
Հասարակություն

Հոր անունով սարն ու գյուղը Արցախում թողած՝ քարոզարշավ Է անում Էջմիածնում. «Ժողովուրդ»

Հոր անունով սարն ու գյուղը Արցախում թողած՝ քարոզարշավ Է անում Էջմիածնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ՔՊ-ի նոր վարչության ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո պատրաստվելու են Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր է կապում Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ, որը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ամեն բան պետք է արվի՝ Մեխակյանին Էջմիածնում քաղաքապետ կարգելու, Գյումրու սցենարը չկրկնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ձայներ հավաքելու հարցում Արգիշտի Մեխակյանի հիմնական հույսը Խոյ համայնքն է, որը իշխանությունները միավորեցին Վաղարշապատ համայնքին:

Բանն այն է, որ Մեխակյանը եղել է Խոյ համայնքի ղեկավարը, իսկ այդ բնակավայրում նրա հայրը մեծ հարգանք է վայելել: Մեխակյանի հաշվարկով՝ Խոյում ինքը բացարձակ հաղթանակ է ունենալու, մեծ թվով ձայներ է հավաքելու, որի շնորհիվ էլ կարողանալու է Էջմիածնի քաղաքապետ ընտրվել:

Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանի հայրը՝ Մեխակ Մեխակյանը, եղել է պատմաբան, Արցախյան գոյամարտի մասնակից: Նրա կյանքն ընդհատվել է 1994 թվականի մայիսի 4-ին Թալիշի բարձունքներից մեկում, որն այժմ կոչվում է Մեխակասար:

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Էջմիածնում որդի Մեխակյանն այդքան էլ սիրված չէ, ու քաղաքապետի ժ/պ նշանակված լինելու այս ժամանակահատվածը օգտագործում է տարբեր հանդիպումների, քննարկումների համար, որպեսզի ձայներ հավաքի:

Ըստ էության, Մեխակյանը քողարկված քարոզարշավ է իրականացնում Էջմիածնում: Օրինակ՝ Սեպտեմբերի 20-ին նա այցելել էր անգամ Զվարթնոց թաղամասի բակ, որը տարիներ շարունակ «անտեսված» թաղամաս է եղել: Այդպես նա տարբեր շենքերի բակերում հանդիպումներ է ունենում, թեեւ դեռ քարոզարշավը չի սկսվել:

Մեխակյանի առջեւ խնդիր է դրված. նոյեմբերի 16-ին ամեն գնով ընտրվել Վաղարշապատի համայնքապետ»։