կարևոր
1180 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-20 14:49
Քաղաքական

Չորրորդ հանրապետությունը, պարտությունն ու բռնակալությունը․ Արթուր Խաչատրյան

Չորրորդ հանրապետությունը, պարտությունն ու բռնակալությունը․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․

«Դեռ 3 տարի առաջ, երբ Փաշինյանը սկսեց խոսել «հայրենասիրության սոցիալ-հոգեբանական ընկալման» մասին, ես ԱԺ-ում, կարծեմ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի քննարկման ժամանակ, իրեն ուղիղ ասացի, որ իր հայտարարությամբ ինքը նոր՝ 4-րդ հանրապետություն է ստեղծում՝ կործանելով Հայաստանի 3-րդ Հանրապետությունը՝ պետություն, որը ստեղծվել էր արցախյան շարժման արդյունքում, որի գաղափարախոսությունն արտացոլված է Անկախության Հռչակագրում։ Ավելին, պնդեցի, որ եթե նման միտք ուներ, դա պետք է լիներ ՔՊ նախընտրական ծրագրի հիմքը, մինչդեռ իրենք խոստացել են ոչ թե նոր սոցիալ-հոգեբանական մոդել, այլ Շուշիի ու Հադրութի դե-օկուպացիա ու Արցախի հակամարտության կարգավորում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի հիման վրա։ Պատասխան չունենալով, ինքը պատասխանեց թե թվաբանությունն իրեն չի հետաքրքրում և շարունակեց խոսել նոր «մոդելի» մասին։

Այսօր նա վերադարձավ թվաբանությանը և հայտարարեց, որ բարով խերով կործանել է բազում նահատակների արյան գնով, ժողովրդական պոռթկման արդյունքում և պայթարի հրաբուխից ժայթքած մեր միասնական Հայաստան-Արցախ հայրենիքը․․․․ Մեր հայրենիքի փլատակների վրա նա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միավոր, որտեղ ամեն բառ ասելիս պետք է զգույշ լինեն, որ հանկարծ «հարևանների» նուրբ զգացմունքները չվիրավորվեն։ Եվ այդ նոր կազմավորման գլխին կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը․․․

Հ․Գ․ Ով այսօր դիտել է ճաճանչափայլի ելույթը և դահլիճի արձագանքը, վստահաբար նկատել է ֆյուրերի, դուչեի ու Կիմ Իր Սենի դինաստիայի ներկայացուցիչների ելույթների «գեղարվեստական կողմերի» նմանությունը•։