կարևոր
310 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-19 12:01
Հասարակություն

Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որպեսզի այսօր ՀՀ-ն գոյություն ունենա․ Շահրամանյան

«Ագրեսիայի հետևանքով մենք այսօր հայրենազրկվել ենք, բռնի տեղահանվել ենք, և մեծ մասը որպես մշտական ապրելու վայր է գտել ՀՀ-ում, որը համարում ենք մեր հայրենիքի հիմնական մասը։ Ինչ վերաբերում է նրան, որ խեղաթյուրվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած իրադարձությունները, մենք հնարավորություն ենք ունեցել տալ գնահատականներ։ Պատմության դասագրքերում տեղ գտած կեղծիքների հարցը իրավական ճանապարհով մենք վիճարկում ենք։ Մեր նպատակն այն է, որ մեր սերունդները ստանան իրական տեղեկություն, և մենք այդ դատական պրոցեսի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա, անդրադառնալով Եվլախի հանդիպմանը, ասաց, որ այն կրում էր միայն հումանիտար բնույթ, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել այնտեղ։ ՀՀ իշխանության կողմից տարածված տեղեկությունները Եվլախի պայմանավորվածությունների մասին, ըստ Շահրամանյանի, կեղծիք են։ Սամվել Շահրամանյանն անդրադարձավ նաև մի ցավոտ հարցի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զոհվածների մարմինները չեն տեղափոխվել Հայաստան։ Հարազատները բազմիցս բարձրաձայնել են այս հարցը, Շահրամանյանն ասաց, որ բռնի տեղահանումից հետո հնչեցրել են այս հարցը, որ վերջին ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախում հուղարկավորված 66 անձանց մարմինների արտաշիրմում իրականացվի։ Նրանք հուղարկավորված են և Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում և շրջաններում։

«Մենք հարցը բարձրացրել ենք, որպեսզի արտաշիրմում իրականացվի, և տեղափոխվեն ՀՀ, հուղարկավորվեն Եռաբլուրում։ Հայաստանի իշխանությունների հետ ենք հարցը քննարկել, նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Եվ ստացել ենք նախնական համաձայնություն, բայց ցավոք սրտի մինչ օրս այդ գործընթացը տեղի չի ունեցել։ Ինչպես նաև գործընթաց պետք է տեղի ունենա մեր գերիների վերադարձի հետ կապված, անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար, բայց մինչ օրս այդ հարցերը լուծում չեն ստացել»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։