կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-16 10:13
Քաղաքական

Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` հայրենիքի պաշտպանի առաքելությունը նսեմացնելու և բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում․ Աբրահամյան

Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` հայրենիքի պաշտպանի առաքելությունը նսեմացնելու և բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակը ապամոնտաժելու իր բանաձևը, այլ ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները` բանակի հեղինակազրկումից մինչև ՊՆ-ն շարքային կառույցի վերածելը:

Բայց ես այլ բանի մասին եմ մտածում: Մի քանի օր առաջ, ակտիվ հասարակական դիսկուրս էր ծավալվել առ այն, թե ի՞նչ բարոյական մակարդակում է իշխանությունը, որ նույնիսկ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման վերաբերյալ ծպտուն չի հանում, երբ դրա հետևանքը մարտավարական և ռազմավարական տարածքների կորուստներն ու 224 մարդու նահատակությունը:

Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Պապիկյանին շողոքորթող բարձրաստիճան զինվորականները նույնիսկ հարկ չհամարեցին այցելել Եռաբլուր, ծաղկեպսակ դնել հանուն երկրի պաշտպանության նահատակվածներին հիշատակին:

Այդ պատերազմից ընդամենը 3 տարի է անցել, իսկ դրան մասնակից և երկրի պաշտպանության համար մարտեր մղած ու զոհված մարդիկ ոչ միայն իշխանության համար փակված էջ են, այլ օրվա թեման ցրելու համար իշխանությունը մեծ համերգային ծրագիր էր կազմակերպել. մարդկանց էին զբաղեցնում, հիշողություն բթացնում:

Ավելի մեծ հարված զինված ուժերին և հասարակության բարոյահոգեբանական վիճակին դժվար է պատկերացնել:

Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` հայրենիքի պաշտպանի առաքելությունը նսեմացնելու և բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում»: