կարևոր
292 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-15 17:32
Հասարակություն

«Որևէ մեկը  չպետք է մտածի, որ կարող է խախտել հեղինակային իրավունքը և մնալ անպատիժ». «Հայհեղինակի» գլխավոր տնօրեն

«Որևէ մեկը  չպետք է մտածի, որ կարող է խախտել հեղինակային իրավունքը և մնալ անպատիժ». «Հայհեղինակի» գլխավոր տնօրեն

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային եւ հարակից իրավունքների համահավաք (կոլեկտիվ) կառավարում իրականացնող ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2001թ․-ին հեղինակների կողմից՝ մտավոր գործունեության ոլորտում իրենց իրավունքների իրացման եւ պահպանության նպատակով:

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» գործում է կամավոր եւ հավասար իրավունքով անդամակցության հիման վրա, իրականացնում է իր գործունեությունն` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների եւ իր կանոնադրության դրույթներով:

Վերջին մեկ տարում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՈՒՄ» իրականացվող փոփոխությունների մասին է պատմում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» գլխավոր տնօրեն Մարինա Ավետիսյանը։

- Տիկին Ավետիսյան, «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» նոր կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներն ի՞նչ են ենթադրում: «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» ինչպե՞ս է նպաստելու հեղինակային եւ հարակից իրավունքների ոլորտի կարգավորմանը: 

- «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» օրենքով ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, անդամության վրա հիմնված ոչ առեւտրային հասարակական կազմակերպություն է, որի իրավասությունները սահմանված են օրենքով: Այն աշխատանքները, որ արվել են այս տարիների ընթացքում եղել են բավարար: Սակայն մարտահրավերները, որոնք այսօր առկա են Հայաստանում եւ աշխարհում, պահանջում են, որպեսզի կազմակերպությունը փոխի իր մարտավարությունը, մասնավորապես  հեղինակային վարձատրություն վճարող կազմակերպությունից վերածվի  հեղինակային եւ հարակից իրավունքները պաշտպանող կազմակերպության: Այս առումով խնդիրները շատ են, որոնք լուծելու նպատակով վերջին 8-9 ամիսների ընթացքում փոխվել է մեր կանոնադրությունը, նոր կարգեր են գրվել եւ գրվում են, ստեղծվել է մոտ 300 էջ իրավական ակտ, որոնք պետք է նպաստեն հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների ոլորտում` հեղինակ-օգտագործող-իրավատեր հարաբերությունների կարգավորմանը: Մշակվել է անդամության կանոնակարգ, ստեղծագործությունների եւ դրանց իրավունքների գրանցման կանոնակարգ, այս եւ մնացած բոլոր կարգերն առաջիկայում պետք է հաստատվեն «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» իրավատերերի խորհրդի կողմից (մի մասն արդեն հաստատվել է): Մենք արդեն իսկ ստեղծել ենք մեր մասնաճյուղերը մարզերում: Շուտով կգործարկվի նաեւ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» նոր կայքէջը (https://www.armauthor.am): 2001թ-ից «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» անդամակցում է Հեղինակների եւ Կոմպոզիտորների Ընկերությունների Միջազգային Կոնֆեդերացիային (CISAC), ինչը հնարավորություն է տալիս փոխադարձ հետաքրքրությունների եւ շահերի պաշտպանության պայմանագրեր կնքել` պաշտպանելով հայ հեղինակների իրավունքները արտասահանում, ինչպես նաեւ ապահովել արտասահմանյան հեղինակների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը միացել է հեղինակային եւ հարակից իրավունքների ոլորտում միջազգային պայմանագրերի (մասնավորապես` Բեռնի կոնվեցիային): Ինչու են աշխարհում ստեղծվել այսօրինակ կառույցները, որովհետեւ հեղինակները միայնակ չեն կարող հետեւել իրենց ստեղծագործությունների կատարմանն ու կառավարմանը: Հեղինակային դաշտը կանոնակարգելու հարցում մեծ է հատկապես պետության դերակատարությունը, ի դեմս` ՀՀ էկոնոմիկայի եւ ԿԳՄՍ նախարարությունների, իսկ պետության աջակցության դեպքում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» պատրաստ է անել ամեն ինչ՝ ի շահ հեղինակի:  

- Պետությունն ի՞նչ գործիքակազմ կարող է կիրառել, որպեսզի հեղինակային իրավունքի ոլորտում ապօրինի գործունեություն իրականացնող կազմակերպությունները իրավախախտումներ չանեն:

- Այդ լծակը, նախեւառաջ, օրենքն ու ենթաօրենսդրական ակտերն են, բայց որպեսզի «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» կարողանա արդյունավետ պաշտպանել ստեղծագործողների հեղինակային իրավունքը, շատ կարեւոր է ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը եւ համապատասխանեցումը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին։ Այստեղ պետք է օգնության գան նաեւ թվային նոր տեխնոլոգիաները, համակարգչային ծրագրերը, որոնք նախ կֆիքսեն հեղինակային իրավունքի խախտումները: «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» պետք է ունենա նաեւ ստեղծագործությունների երկացանկ, որ տրամադրի օգտագործողներին, որովհետեւ առանց դրա ուղղակի չես կարող պաշտպանել հեղինակային իրավունքը: Այս առումով պայմանագրային ձեւանմուշները օգտագործողների հետ ամբողջությամբ պետք է փոխվեն: Մենք նման խնդիր դրել ենք մեր առջեւ եւ առանց բարձրաձայնելու անում ենք, գուցե սա որոշ մարդկանց կամ կազմակերպությունների դուր չի գալիս, որովհետեւ իրենք մշտապես խախտում են այդ կանոնները:   

- Ոլորտում ովքե՞ր են շահագրգռված, որ չպաշտպանվեն ստեղծագործողների հեղինակային իրավունքները եւ դա ավելի շատ չիմացությա՞ն արդյունք է, թե՞ կոնկրետ միտում: 

- Կա ե՛ւ չիմացության, ե՛ւ խնդրի կարեւորությունը չգիտակցելու հարց: Հիմնական օրինախախտներն են` չլիցենզավորված երաժշտություն օգտագործող բարերը, ռեստորանները, սրճարանները, այլ կազմակերպությունները, որտեղ իրականացվում է երաժշտության հրապարակային կատարում, բայց առանց թույլտվության եւ հեղինակային վարձատրության վճարի: Ինչպես նաեւ տարատեսակ օնյալն հարթակները, որոնք տարածում են հեղինակային ստեղծագործություններ` առանց թույլտվության: Նրանց բոլորի նպատակը ֆինանսական օգուտ ստանալն է՝ առանց հեղինակին վճարելու: Օրինակ, ռեստորանի սեփականատերը երբեք չի մտածում, որ ռեստորանում հնչող երաժշտության համար պետք է վճարի, ընդ որում` խոսքը շատ փոքր գումարների մասին է, որը վճարելով` դու պաշտպանում ես ստեղծագործողի հեղինակային իրավունքը: Այդ առումով «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» լինելով հեղինակային իրավունքների պաշտպան, չպետք է թույլ տա, որ դրանք որեւէ կերպ խախտվեն:

- «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» ունի՞ այդ մարդկային ռեսուրսն  ու մասնագիտական ներուժը:

- Կազմակերպությունը հիմա կառուցվածքային փոփոխությունների փուլում է եւ աստիճանաբար պետք է քարոզչությունը մեծացնի, որպեսզի մարդիկ հասկանան, թե ո՛րն է խախտումը, որովհետեւ հեղինակային իրավունքի պահպանությունը եւ պաշտպանությունը, նախեւառաջ, փոխհարաբերությունների մշակույթ է եւ եթե մենք ուզում ենք նպաստել ստեղծագործողի կարգավիճակի բարձրացմանը, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է վճարել: Մենք անընդհատ զայրանում ենք, որ մեր հարեւանները մեզնից գողանում եւ յուրացնում են մեր երգերը, մշակութային ժառանգությունը եւ այս համատեքստում շատ կարեւոր է թե՛ պետության եւ թե՛ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» դերակատարությունը: Առանց պետության աջակցության՝ անհնար է որեւէ բան անել, իսկ որպեսզի մեր հարեւանները մեր ստեղծագործությունները չգողանան, նախեւառաջ մենք մեր պետության ներսում պետք է կարողանանք այդ իրավունքը պաշտպանել, գրանցել, ավանդադրել այդ ստեղծագործությունները, որպեսզի ցանկացած խախտման դեպքում հեղինակները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները:                

- Ինչպե՞ս է աշխատում հեղինակային իրավունքի պաշտպանության շղթան եւ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» ինչպե՞ս կարող է օգնել ստեղծագործողին` պաշտպանելու իր իրավունքները:

- Հեղինակը, նախ պետք է գրանցի իր ստեղծագործությունը, որպեսզի այն օգտագործելու դեպքում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» իրավունք ունենա հեղինակային վարձատրություն հավաքելու եւ բաշխելու, բայց ստեղծագործության գրանցումը դեռեւս չի նշանակում 3-րդ անձանց ոտնձգություններից պաշտպանություն, դա կարող է լինել միայն կամավոր ավանդադրման (դեպոնացման) պարագայում: Հեղինակը խախտումների վերաբերյալ պետք է ներկայացնի նաեւ ստույգ ապացույցներ: Մենք նպատակ ունենք ստեղծելու միջազգային արբիտրաժ, իրավաբանական, փաստաբանական եւ հաշտարարական ծառայություններ մատուցելու հեղինակների իրավունքների պաշտպանության ոլորտում: «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» լինելու է ստեղծագործողների իրավապաշտպանը, որպեսզի հեղինակներն իրենց ավելի պաշտպանված զգան: Որեւէ մեկը չպետք է մտածի, որ կարող է հեղինակային իրավունքը խախտել եւ մնալ անպատիժ:

 

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» ՀԿ 

Ք. Երեւան, Թամանյան 3

+374 98 526393 Հեղինակային բաժին

+374 77 529492 Ընդհանուր բաժին

+374 93 601023 Մամուլի քարտուղար Սոնա Ադամյան

Էլեկտրոնային հասցե

[email protected]

[email protected]