կարևոր
808 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-14 11:15
Հասարակություն

Սեպտեմբերյան ագրեսիան` Արցախի հանձնման պլանավորու՞մ. 1-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի խորհուրդը

Սեպտեմբերյան ագրեսիան`  Արցախի հանձնման պլանավորու՞մ. 1-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի խորհուրդը

Սեպտեմբերի 14-ին լրացավ ՀՀ֊ի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի 3-րդ տարին։

Արցախի փուլառփուլ նվաճման և Փաշինյանի իշխանության հետ դավադիր գործարքների պայմաններում Ադրբեջանը հարձակվեց ՀՀ արևելյան սահմանների վրա, զավթեց ռազմավարական նշանակության տարածքներ` ընդհուպ մոտենալով Ջերմուկ առողջարանային քաղաքին և ՀՀ արևելյան մարզերի բազմաթիվ այլ բնակավայրերի, որտեղ գտնվում են մինչ օրս։

Հայկական կողմն ունեցավ նաև բազմաթիվ մարտական հենակետերի կորուստ, ավերվեցին մի շարք գյուղերի ու քաղաքների ենթակառուցվածքներ։

Մերօրյա պատերազմի արդյունքում ունեցանք 224 զոհ, 293 վիրավոր, շուրջ 2 տասնյակ գերեվարված։

Ինչպես 44֊օրյայի դեպքում, այս դեպքում ևս Փաշինյանի իշխանությունը մինչ օրս չի հրապարակել ընկածների անունների ամբողջական ցանկը, և մարդիկ, աճող սերունդը բացարձակ անտեղյակ է մեկօրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հերոսական մարտերի, զինվորականների գործած սխրանքների ու այլնի մասին։

Դա չի արվել, քանի որ Փաշինյանը պլանավորում էր շուտով (նույն տարվա հոկտեմբերին` Պրահայում) դավաճանաբար հանձնել Արցախն ու ցեղասպանության ենթարկել ժողովրդին, և պետք էր մոռացության տալ ինչպես Արցախի հիմնահարցը, այնպես էլ Ադրբեջանի իրագործած և շարունակվող ցեղասպանական քայլերը։

Դրա վառ վկայությունն է նաև այն, որ Արցախի դավադիր հանձնման փուլում պլանավորված սեպտեմբերյան ագրեսիայի տարելիցը ոչ մի կերպ չի հիշատակվում, ոչ մի ուղերձ որևէ պաշտոնյայի կողմից չի հնչեցվում, ոչ մի պաշտոնյա չի այցելել «Եռաբլուր», պետական մակարդակով չի իրականացվել նաև հիշատակի որևէ միջոցառում։

Վահե Սարգսյան