կարևոր
904 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-28 12:23
Հասարակություն

Տավուշի թեմը պարզաբանել է համացանցում տարածված տեսանյութի բովանդակությունը

Տավուշի թեմը պարզաբանել է համացանցում տարածված տեսանյութի բովանդակությունը

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը պարզաբանում է տարածել՝ օրեր առաջ համացացնցում տարածված տեսանյութի վերաբերյալ։ Տեսանյութում նշվում է, թե գործող վանքերը անուշադրության են մատնված։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ հիշյալ տեսանյութում ներկայացվածը Հաղարծնի վանքը չէ, ինչպես նշվում էր, այլ Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթի հատվածը։

Հաշվի առնելով, որ հիշյալ տեսանյութի տարածումից հետո իրականում սրտացավ ու մտահոգ անձանց մոտ հարցեր են առաջացել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել․ տեսանյութի նկարահանումից մեկ օր առաջ, ըստ եկեղեցու աշխատակիցների, ենթադրաբար գավթի գրատնից կատարվել է գողություն։ Դեպքի կապակցությամբ աշխատակիցները կատարել են առկա ծիսական պարագաների և հոգևոր գրականության հաշվառում։ Հենց այդ ընթացքն է նկարահանվել և տարածվել համացանցում՝ ներկայացվելով իբրև վանքի անխնամ վիճակ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող բոլոր վանքերը՝ անկախ այցելուների կամ տուրիստական խմբերի մեծ հոսքից, մշտապես գտնվում են եկեղեցականների ուշադրության ու հոգածու վերաբերմունքի առանցքում։ Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակների դեպքում անմիջապես դիմել տեղում ծառայող հոգևորականին և ստանալ համարժեք բացատրություններ՝ այդպիսով ավելի մեծ օգտակարություն բերելով թե՛ Եկեղեցուն, թե՛ հասարակությանը։

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան

Գոշավանքի հոգևոր հովիվ»։