կարևոր
862 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-22 11:13
Հասարակություն

Ռուբեն Հակոբյանը հալածանքների է ենթարկվում սրանց իշխանության օրոք՝ իր տեսակետն արտահայտելու, ստեղծված իրավիճակին չհաշտվելու համար․ Գառնիկ Դանիելյան

Ռուբեն Հակոբյանը հալածանքների է ենթարկվում սրանց իշխանության օրոք՝ իր տեսակետն արտահայտելու, ստեղծված իրավիճակին չհաշտվելու համար․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ այցելեցինք ապօրինաբար ազատազրկված Ռուբեն Հակոբյանին:

Ռուբենը եղել է Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս: Մշտապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, սուր քննադատությամբ աչքի ընկնող հասարակական, քաղաքական գործիչը հալածանքների է ենթարկվում սրանց իշխանության օրոք՝ իր տեսակետն արտահայտելու, ստեղծված իրավիճակին չհաշտվելու համար:

Հիշեցնեմ, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ հեռուստաընկերություններից մեկի հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար:

Այս դեպքում ևս որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը: Գաղտնիք չէ, որ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումն այս իշխանությունների օրոք դարձել է արատավոր պրակտիկա:

Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ: Այս ընթացքում վատթարացել է վերջինիս առողջական դրությունը, մեկ անգամ տեղափոխվել է բժշկական հաստատություն:

Մտահոգիչ են նաև պահման պայմանները:

Օգոստոսի 27-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Ռուբենի խափանման միջոցի փոփոխման հարցը (դատավոր՝ Դավիթ Արղամանյան):

Լիահույս եմ, որ հաշվի կառնվեն Ռուբեն Հակոբյանի՝ քաղաքականության մեջ ունեցած ներդրումն ու առողջական լրջագույն խնդիրները:

Այս օրերին ընթանում են նաև Սրբազան պայքարի մեր ընկերների դատավարությունները:

Ազատությու’ն Ռուբեն Հակոբյանին, ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»: