կարևոր
739 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-21 11:36
Քաղաքական

Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. Արա Պողոսյան

Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 22-ին։

«Նոր ճանապարհը նշանակալի ներդրում կունենա Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման գործում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ ընդհանուր առմամբ կբարձրանա բեռնափոխադրումների արդյունավետությունը լայն տարածքում՝ Պեկինից մինչև Լոնդոն», – ընդգծել է Ուրարօղլուն։

Հիշեցնեմ, որ այս Ուրարօղլուն ամբողջ ընթացքում միշտ խոսել է այսպես կոչված միջանցքի մասին, և հիմա` անգամ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո վերջինս կրկին կառչած է այդ գաղափարին։

Այս նախագիծը շուրջ 224 իմ երկարություն է ունենալու, որը ըստ բաց աղբյուրների ֆինանսավորվում է արտաքին վարկային միջոցներով` 2,4 միլիարդ եվրոյի չափով։ Ըստ թուրքական կողմի, այս ճանապարհը ծառայելու է տարեկան 5,5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար։ Շինարարության ընթացքում նախատեսվում է կառուցել հինգ թունել, 10 կամուրջ և այլ ենթակառուցվածքներ, ինչը ըստ Ուրարօղլուի, լրացուցիչ խթան կտա երկրի արևելյան շրջանների (հատկապես Արեւմտյան Հայաստանի) տնտեսությանը»։