կարևոր
2659 դիտում, 15 ժամ առաջ - 2025-08-01 11:42
Աշխարհ

Այվազովսկու հուշարձանը քանդվել է Լեռնային Ղարաբաղում․ ТАСС

Այվազովսկու հուշարձանը քանդվել է Լեռնային Ղարաբաղում․ ТАСС

Ռուսական առաջատար լրատվականներից ТАСС-ն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայկական «Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ տարածաշրջանի նոր իշխանությունները քանդել են Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը տեղադրվել էր Լեռնային Ղարաբաղում 2021 թվականին։ Այն նվիրված էր ոչ միայն աշխարհահռչակ նկարչին, այլև Արցախի կապերին հայկական և ազգային մշակութային ժառանգության հետ, ասվում է գործակալության Facebook-յան հաղորդագրության մեջ։ 

Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձեւակերպի արժանի գնահատական», - նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։ 

2022 թվականին Պրահայի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունից և 2023 թվականին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների կողմից բնակչությանը տրված Բաքվի կողմից առաջարկվող վերաինտեգրման պայմանները քննարկելու հանձնարարականից հետո, ավելի քան 100 հազար հայ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը, տեղափոխվեց Հայաստան»։

Yerkir.am-ը հայտնում է, որ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինն՝ անդրադառնալով տեղի ունեցածին՝ նշել է, որ դա բարբարոսական ակտ է, ակնհայտ հիմարություն։ Նա հիշեցրել է՝ Այվազովսկին համաշխարհային մակարդակի հանճար է, որին գնահատել են ինչպես Ռուսական կայսրությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

«Նրանք, ովքեր այսօր ակտիվորեն պայքարում են Արցախի հայկական մշակութային ներկայության դեմ, վաղուց չեն սահմանափակվում միայն Այվազովսկու արձանի քանդմամբ։ Արդեն պղծվել են Չարդախլու գյուղի նշանավոր խորհրդային զորահրամանատարների հուշարձանները, ապամոնտաժվում են կրոնական օբյեկտները, ոչնչացվել են տասնյակ խաչքարեր», - հայտարարել է պատգամավորը։ 

Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ևս անդրադարձել է՝ նշելով, որ հուշարձանի ոչնչացումը ցավալի է և խորապես անընդունելի։ 

«Ադրբեջանական կողմի գործողությունները՝ Այվազովսկու՝ համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր ռուս նկարչի հուշարձանը Ղարաբաղում ապամոնտաժելը ափսոսանք է առաջացնում», – ասել է նա։