կարևոր
3322 դիտում, 21 ժամ առաջ - 2025-07-31 19:37
Արցախ Հասարակություն

Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի ավերումն Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. Զատուլին

Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի ավերումն Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. Զատուլին

Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է։ Լենտա.ռու-ին  ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ 

«Բացի այն փաստից, որ սա բարբարոսական գործողություն է, այն, ինչպես շատ բարբարոսություններ, անկեղծ ասած, հիմարություն է և անխելքություն։ Այվազովսկին գեղանկարչության համընդհանուր ճանաչված հանճար է, որը գնահատվել է ոչ միայն մեր Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում։

Նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հայկական մշակութային ազդեցության դեմ պայքարող այդ «հրաշալի» մարտիկները, ըստ էության, չեն սահմանափակվել միայն Այվազովսկու քանդակի քանդմամբ։ Նրանք արդեն հասցրել էին պղծել ծնունդով Չարդախլու հայկական գյուղից խորհրդային հայտնի զինվորական առաջնորդների հուշարձանները, և բռնել են կրոնական հուշարձանների քանդման ուղի՝ ոչնչացնելով մեծ թվով խաչքարեր»,- նշել է Զատուլինը։

Բացի այդ, ըստ նրա, այսօր Ադրբեջանում, պաշտոնական մակարդակով, մշակվում է մի տեսություն Ղարաբաղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների ենթադրյալ ոչ հայկական ծագման մասին։ Խոսքը 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դարերի վանքերի մասին է։

«Երկրի ղեկավարությունը կամ աչք է փակում, կամ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները», - ասել է Զատուլինը։

Հիշեցնենք, որ Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը երեկ ահազագել էր՝ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։