կարևոր
1141 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-23 21:18
Աշխարհ

Մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը

Մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը

Ստամբուլում՝ Չըլաղանի պալատում, մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ռուսաստանի կողմից բանակցային խմբի կազմը մնացել է նույնը: Ստամբուլում կայացած նախորդ բանակցություններում ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին (պատվիրակության ղեկավար), արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ԶՈՒ գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլի համար պատվիրակություն ձևավորելու մասին: Այն գլխավորել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինական պատվիրակության կազմում են նաև անվտանգության և պաշտպանության ոլորտի մարմինների համակարգում մարդու իրավունքների հարցերով Գերագույն ռադայի լիազոր ներկայացուցիչ Յուրի Կովբասան, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Եվգենի Օստրյանսկին:

Պատվիրակությունների նախորդ հանդիպումները տեղի են ունեցել մայիսի 16-ին և հունիսի 2-ին: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին գերիների և զոհված զինվորականների մարմինների փոխանակման մասին։ Մոսկվան և Կիևը միմյանց են փոխանցել նաև հակամարտության կարգավորման մասին հուշագրերի տարբերակները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հուլիսի 22-ին հայտարարել է, որ բանակցությունների երրորդ փուլից «հրաշքների շարքից բեկում» պետք չէ ակնկալել՝ նշելով Ուկրաինական կարգավորման թեմայի բարդությունը: