կարևոր
1294 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-23 13:41
Աշխարհ

ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։

«Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած գոյության սպառնալիքների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից 2020-2023 թվականներին Արցախի էթնիկ զտումների ճանաչումը»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն՝ անդրադառնալով բանաձևերին:

Բանաձևերում անդրադարձ է կատարվում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում ապրող քրիստոնյաների իրավունքներին՝ ընդգծելով, որ դրանցում ապրող նաև հայ քրիստոնյա բնակչությունը շարունակում է բախվել համակարգային հալածանքների։

Բանաձևերը նաև հիշեցնում են 2020-2023 թվականներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների մասին՝ մատնանշելով, որ ոչնչացվում է նաև տեղի հայկական մշակութային ժառնագությունը։

Թուրքիայի վերաբերյալ բանաձևում նշվում է, որ քրիստոնյաները դժվարանում են գտնել համապատասխան պաշտամունքի վայրեր, միսիոներները ստիպված են լքել երկիրը՝ ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունների կեղծ մեղադրանքներով, իսկ օտարերկրյա հոգևորականները բախվում են երկրում մնալու խոչընդոտների։

«Քրիստոնյա փոքրամասնությունը շարունակում է անհետանալու վտանգի տակ լինել զինյալների և ահաբեկիչների հարձակումների պատճառով»,-ասված է բանաձևում՝ արծարծելով Սիրիայում քրիստոնյա բնակչության շուրջ տիրող իրավիճակը։

Ջոշ Հոուլիի և Ռայլի Մուրի ներկայացրած 327-րդ և 594-րդ բանաձևերում պաշտոնյաները կոչ են անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջնահերթություն տալ հալածված քրիստոնյաների պաշտպանությանը՝ որպես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության օրակարգի մաս:

«Բանաձևերը կոչ են անում վարչակազմին դիվանագիտորեն ներգրավվել մուսուլմանական մեծամասնություն կազմող երկրների հետ և օգտագործել բոլոր հասանելի գործիքներն, այդ թվում՝ առևտրային և ազգային անվտանգության բանակցությունները՝ կրոնական ազատությունը խթանելու նպատակով»,-ասված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ «Բաց դռների համաշխարհային դիտորդական ցուցակի» 2025 թվականի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում ավելի քան 380 միլիոն քրիստոնյա ենթարկվում է հալածանքների և խտրականության, որոնցից շատերը կենտրոնացած են մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրներում: Զեկույցը նշում է կրոնական ճնշումները՝ սկսած բռնությունից և բանտարկությունից մինչև հարկադիր կրոնափոխություն և մշակութային ոչնչացում, այդ թվում՝ Թուրքիայում, Սիրիայում և Ադրբեջանում: