կարևոր
2383 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-17 17:52
Հասարակություն

Մազութը չի տարածվել, արդեն Ողջի գետը մաքրվել է` մտահոգվելու կարիք չկա

Մազութը չի տարածվել, արդեն Ողջի գետը մաքրվել է` մտահոգվելու կարիք չկա

Այս գիշեր Կապան-Քաջարան ճանապարհի հատվածում` Ձագեձոր գյուղի մոտ, իրանական մեծ մեքենա է վթարվել` ընկնելով Ողջի գետը։ Ավտոցիստեռնի վնասման հետեւանքով արտահոսք է եղել, մեքենայում տեղափոխվող մազութը լցվել է գետը։ Մենք կապվեցինք Սյունիք` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել:

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում վստահեցրել է՝ մտահոգվելու կարիք չկա, համայնքապետարանը ՆԳ Փրկարար ծառայության աշխատակիցների հետ գիշերը աշխատանք են տարել, գետը մաքրել են։

«Մազութը տաք վիճակով 6-10 մետր շառավղով լցվել է գետն ու անմիջապես սառել` չի տարածվել։ Մեծ մեխանիզմների օգնությամբ, փրկարարների աջակցությամբ կարողացանք ցիստեռնը հանել գետից։ Գետի մաքրման աշխատանքները շարունակվում են, մտահոգվելու կարիք չկա»,-ասել է համայնքապետը։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ մանրամասներ հայտնեց տեղի ունեցած վթարից։ «Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ կցորդիչը առանձնացել է բեռնատարից և մասամբ հայտնվել Ողջի գետում: Ցիստեռնի վնասման հետևանքով տեղի է ունեցել արտահոսք: Հաջողվել է դադարեցնել մազութի արտահոսքը։ Փրկարարներն իրականացրել են անվադողերի հովացման և ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. սահմանվել է հերթապահություն: Հատուկ տեխնիկայի օգնությամբ (ավտոկռունկ) կցորդիչը գետից դուրս է բերվել և փոխադրվել է բեռնատարի վրա», - ասաց Սարգսյանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ, կիրառելով համապատասխան տեխնիկական միջոցներ՝ փրկարարներն իրականացրել են գետ թափված մազութի հավաքման և մաքրման աշխատանքներ: Սարգսյանը նաեւ հայտնեց, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դեպքի վայրում իրականացրել են ջրի նմուշառում՝ Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատման նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարությունից էլ` նախնական տվյալներով հայտնում են, որ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ.

«Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։ Իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ»,-հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից»։