կարևոր
1093 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-16 14:47
Քաղաքական

ՀՀ-ն ներքաշում են ԵՄ կողմից նախաձեռնված Global Getaway նախաձեռնության մեջ․ Վահե Դավթյան

ՀՀ-ն ներքաշում են ԵՄ կողմից նախաձեռնված Global Getaway նախաձեռնության մեջ․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«Հայաստանը ներքաշում են ԵՄ կողմից նախաձեռնված Global Getaway նախաձեռնության մեջ:

Առաջին հայացքից հեռանկարային թվացող այս գործընթացն իրականում բազմաթիվ անվտանգային ռիսկեր է պարունակում Հայաստանի համար:

Ի՞նչ է իրենից ներկաացնում Global Getaway-ը:

2021 թ.-ին Եվրահանձնաժողովի կողմից հաստատված և 300 մլրդ եվրոյի հասնող այս ծրագիրը նախևառաջ ուղղված է երկու գեոքաղաքական խնդիրների լուծմանը.

  1. մակրո մակարդակում՝ Չինաստանի Belt & Road ռազմավարությանը գլոբալ հակակշռի ձևավորում,
  2. մեզո մակարդակում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային հաղորդակցության ապահովում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը:

Ծրագրի շրջանակներում կարևոր տեղ է զբաղեցնում ՛՛Միջին միջանցքը՛՛, որի դիվերսիֆիկացման համար այսօր փորձ է արվում հնարավորինս արագացնել այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցի՛՛ ձևավորումը՝ աութսորսինգային կառավարման հիմունքներով (”արտապատվիրակում”):

Մեզո մակարդակում ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար ԵՄ-ին ի դեմս Հայաստանի անհրաժեշտ է հարավկովկասյան ֆորպոստ, որը կսպասարկի թուրք-ադրբեջանական լոգիստիկ շահերը՝ ապահովելով ՛՛Միջին միջանցքի՛՛ ձևավորումը, և միաժամանակ կամբողջացնի Անկարա-Երևան-Բաքու հակառուսական առանցքը:

Գալով միկրո մակարդակ՝ կանխատեսենք, որ եվրոպական ֆորպոստ, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական լոգիստիկ օղակ դառնալու համար հայաստանյան կրիտիկական ենթակառուցվածքներից հետևողականորեն դուրս է մղվելու ռուսական կապիտալը: Առաջիկայում թիրախում կարող են հայտնվել երկաթուղին և գազատրանսպորտային համակարգը: ԱԷԿ-ի մասով էլ որոշման բացակայությունն արդեն իսկ կարող ենք որպես որոշում դիտարկել:

Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց:

Վարկային բեռի կտրուկ ավելացում՝ այս անգամ, ինչպես խոստանում են, 2,5 մլրդ եվրոյի չափով: Թե ինչպես են աշխատում ԵՄ վարկային ծրագրերը և թե դրանց որ մասն է իրականում ուղղվում շահառու-երկրի զարգացմանը՝ հայտնի է ԵՄ ինստիտուտներին քիչ թե շատ առնչված յուրաքանյուր մարդու:

Դրան զուգահեռ՝ կստանանք մի քանի միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհներ՝ մեդիագրագիտության, քաղհասարակության զարգացման, փոքրամասնությունների շահերի պաշտպանության և այլ վիրտուալ նպատակներով»: