կարևոր
1294 դիտում, 21 ժամ առաջ - 2025-07-11 14:52
Հասարակություն

«Վե՛րջ տվեք այս ծիծաղելի գործընթացին»․ ՀՅԴ երիտասարդները ՔԿ Երևանի վարչության մոտ էին բերել իրեր, որոնք իրավապահները ձերբակալման հիմք են ընդունել

«Եթե ջրի ատրճանակ ունես՝ ապահովված ես, եթե ընդդիմադիր ես՝ ահաբեկիչ ես»։ Նման արձանագրմամբ են հանդես եկել երիտասարդ դաշնակցականները՝ ՀՀ ՔԿ-ի Երևանի քննչական վարչության շենքի մոտ։

Նշենք, որ երիտասարդները ակցիա էին կազմակերպել ի նշան բողոքի, որ «սթրայքբոլ» խաղի  սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին կալանավորել են՝ նշված խաղի դետալներից նրա մոտ հայտնաբերելու համար։ 

Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական միության անդամները այսօր բողոքի ակցիա են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն իրենց ձերբակալված ընկերների։

Երիտասարդները ՔԿ են բերել նշված խաղի համար նախատեսված աքսեսուարներ, ինչպես նաև շապիկներ, որոնց վրա գրված է ՀՅԴ պատմական կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։ Նրանք ընդգծում են, որ այդ կարգախոսը շուրջ 130 տարվա պատմություն ունի և մաս է կազմում իրենց գաղափարական ժառանգության։

 ՀՅԴ երիտասարդները կոչ են արել իշխանություններին դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները։
«Սիրելի՛ հայրենակիցներ, եթե ունեք ջրի ատրճանակներ, ամանորյա պայթուցիկներ, հրավառության որևէ նյութ, ապա ապահովված եք։ Բայց եթե ունեք ընդդիմադիր հայացքներ՝ դուք համարվում եք ահաբեկչություն նախապատրաստող։»

Նրանք նշում են, որ իրենց բերած իրերը ազատ վաճառվում են ցանկացած զինվորական կամ սպորտային խանութում։
«Կոչ ենք անում իրավապահներին զերծ մնալ ապօրինի և ծիծաղ առաջացնող գործունեությունից և անհապաղ ազատ արձակել մեր ձերբակալված ընկերներին», – ասել են երիտասարդները։

Մանրամասն՝ տեսանյութում։