կարևոր
1864 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-06 16:42
Քաղաքական

Ռուսաստանյան պատվիրակություն կմեկնի Ադրբեջան՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով

Ռուսաստանյան պատվիրակություն կմեկնի Ադրբեջան՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով

Աղբյուրը հայտնել է, որ այժմ Մոսկվայում պատվիրակություն է նախապատրաստվում, որը գալիք շաբաթ ոչ պաշտոնապես կմեկնի Բաքու՝ երկու երկրների միջև լարվածությունը ոչ պաշտոնական մակարդակով կարգավորելու փորձ կատարելու նպատակով։ Այս մասին գրում է ВЧК-ОГПУ Telegram-ալիքը։

«Անձամբ Պուտինի կողմից ուղերձ կփոխանցվի, և հնարավոր է՝ կալանավորվածների «փոխանակման» առաջարկ արվի»։

Աղբյուրը չի բացառում, որ ոչ պաշտոնական պատվիրակությունը կարող է գլխավորել Պուտինի նախկին անձնական համհարզը, այժմ՝ ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովը, որը լավ անձնական հարաբերություններ ունի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուրջ սառեցումը սկսվել է 2024 թվականի դեկտեմբերից, երբ ռուսաստանյան ՀՕՊ-ը սխալմամբ խոցել էր «Ադրբեջանական ավիաուղիների» Е-190 ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էր 38 ուղևոր։ Ըստ հին ավանդույթի, Ռուսաստանը սկզբում, խոցված ինքնաթիռի համար ներողություն խնդրելու և մեղքն ընդունելու փոխարեն, սկսել էր ամեն ինչ հերքել և մեղքը բարդել ուրիշների վրա։

Այդ ժամանակվանից ի վեր հարաբերությունները սառն են եղել, Ալիևը չեղարկել է իր այցը Մոսկվա՝ մայիսի 9-ին։

Իսկ 2025 թվականի հունիսի վերջին Եկատերինբուրգում Ռուսաստանի ԱԴԾ-ի, ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի աշխատակիցները շուրջկալումներ են իրականացրել Ադրբեջանից սերած անձանց դեմ, որոնց ընթացքում ձերբակալության ժամանակ կիրառվել է չարդարացված ֆիզիկական ուժ, ինչի հետևանքով զոհվել է երկու էթնիկ ադրբեջանցի։

Այս պատմությունը յուղ լցրեց կրակին, և արդեն Բաքվում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ուժերը ռուսաստանցիների կոշտ ձերբակալություններ իրականացրեցին։ Դրանց ընթացքում ձերբակալվեցին RT լրատվական գործակալության երկու աշխատակիցներ, որոնք, ըստ Ադրբեջանի ԱԱՆ-ի, ռուսաստանյան հետախուզության աշխատակիցներ են և երկրում գործում են լրագրողների քողի տակ։

«Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումը հիմա բնավ չի բխում Կրեմլի շահերից։ Մոսկվային այժմ ձեռնտու չէ և հնարավորություն էլ չկա մի քանի ուղղություններով հակամարտելու և կարևոր տարածաշրջանում ռազմավարական գործընկերոջը կորցնելու», - համարում է ВЧК-ОГПУ-ի աղբյուրը և մեջբերում է Telegram-ալիքը։