կարևոր
940 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-30 15:46
Աշխարհ

ՌԴ-ն պատասխան միջոցներ է կիրառել եվրոպական ԶԼՄ-ների դեմ

ՌԴ-ն պատասխան միջոցներ է կիրառել եվրոպական ԶԼՄ-ների դեմ

Մոսկվան հայտարարել է ԵՄ երկրների տասնհինգ լրատվամիջոցների վեբ-ռեսուրսների հասանելիությունը սահմանափակելու մասին՝ ի պատասխան ռուսական հրատարակությունների դեմ ԵՄ նոր պատժամիջոցների։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Խոսքը փետրվարին ընդունված 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում ԵՄ խորհրդի որոշմանն ի պատասխան կիրառված միջոցների մասին է։ Որոշման համաձայն՝ սահմանափակումներ են մտցվել ութ ռուսական լրատվամիջոցների՝ Eurasia Daily-ի, Fondsk-ի, Lenta-ի, News Front-ի, Rubaltic-ի, South Front-ի, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի և «Կարմիր աստղի» դեմ։

Արտգործնախարարությունը շեշտել է, որ ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է Բրյուսելին և ԵՄ երկրների մայրաքաղաքներին նման քայլերի անթույլատրելիության մասին։

«Տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Եվրամիության և այն երկրների վրա, որոնք աջակցել են անօրինական որոշումներին», – ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նման գործողությունները որակել է որպես խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության ապահովման՝ ԵՄ միջազգային պարտավորությունների խախտում: Ռուսաստանը նաև հայտարարել է, որ պատրաստ է վերանայել պատասխան միջոցները, եթե ռուսական լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերացվեն: