կարևոր
1987 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-28 15:57
Քաղաքական

Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիածին այցելելու կոչ է արել, վերջինիս հայաստանյան այցի ընթացքում

Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիածին այցելելու կոչ է արել, վերջինիս հայաստանյան այցի ընթացքում

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նամակը՝ ուղղված ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասին՝ վերջինիս Հայաստան այցի նախօրեին։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Եվրոպայի տարածքում գործող մեր 14 մասնաճյուղերի անունից Ձեզ ենք դիմում խոր մտահոգությամբ՝ Հայաստանի Հանրապետություն Ձեր առաջիկա պաշտոնական այցի համատեքստում։

Ձեր այցը տեղի է ունենում հայ ժողովրդի և նրա ժողովրդավարական ապագայի համար վճռորոշ ժամանակահատվածում։ Ինչպես, տեղյակ եք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները, որի կենտրոնը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արագորեն վերածվում են ոչ միայն ներքին ինստիտուցիոնալ ճգնաժամի, այլև՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և սահմանադրական հավասարակշռության ավելի լայն խնդրի։

Վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է նախադեպը չունեցող արշավ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու, ներառյալ՝ հրապարակային հարձակողական ու հաճախ անպարկեշտ խոսույթը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի՝ Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի հասցեին, ինչպես նաև արժեզրկող մեղադրանքներ։ Այդ ամենին հետևել են բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կալանքները և սպառնալիքները՝ ուժով միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին։ Այսօր առավոտյան անվտանգության ուժերը փորձել են ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և իրավիճակը Հայաստանում ներկայումս ծայրահեղ լարված է։

Բարդ ու մտահոգիչ է նաև կառավարության այն միտումը, որով երկրի ներսում ցանկացած ընդդիմախոսության պիտակվում է որպես «պրոռուսական»՝ անկախ անձի իրական դիրքորոշումից։ Վարչապետ Փաշինյանի այս գործելաոճը, որը ներկայացվում է իբրև հակառուսական քաղաքականություն, իրականում խիստ մոլորեցնող է։ Այն խաթարում է քաղաքական բազմազանությունը, խեղդում խոսքի ազատությունը և ճնշում է Հայաստանում ժողովրդավարական դաշտը, որն արդեն իսկ բավական խոցելի է։

Սա մի ժամանակահատված է, որն առանցքային նշանակություն ունի Եվրոպական Միության համար։ ԵՄ-ի հեղինակությունը որպես ժողովրդավարական գործընկեր դրվում է կշեռքի վրա։ Եթե Հայաստանը ձգտում է կառուցել կայուն, համապարփակ և ժողովրդավարական ապագա՝ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության տեսլականի համաձայն, ապա անհրաժեշտ է պաշտպանել, ոչ թե հանուն ժամանակավոր քաղաքական նպատակների զոհաբերել քաղաքական բազմակարծությունը, խոսքի ազատությունն ու ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։

Ուստի՝ խնդրում ենք Ձեզ այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել ինչպես Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների հետ։ Այդ քայլը կլինի հզոր ազդակ, որ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել մեկ ձայնով, որ Եվրոպական Միությունը կանգնած է ժողովրդավարական արժեքների պաշտպանության կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, և որ իրավապահ մարմինները պետք է ծառայեն ու պաշտպանեն քաղաքացիներին, այլ ոչ թե սպասարկեն մեկ անհատի կամքը՝ նույնիսկ եթե նա երկրի վարչապետն է։ Իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները պետք է միշտ հաղթանակեն։

Մենք Ձեր տրամադրության տակ ենք ցանկացած աջակցություն տրամադրելու հարցում, որը Դուք անհրաժեշտ կհամարեք։ Շնորհակալություն ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի ժողովրդի հետ ԵՄ գործընկերության խորացմանը Ձեր շարունակական նվիրվածության համար։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

28 հունիս, 2025թ