կարևոր
2518 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-26 13:44
Իրավական

Որտեղ՞ից պատգամավորը գիտի. դատարանի դահլիճում էլ են ձայնագրող սարք դրե՞լ. պաշտպանը՝ Սիսակ Գաբրիելյանին

Որտեղ՞ից պատգամավորը գիտի. դատարանի դահլիճում էլ են ձայնագրող սարք դրե՞լ. պաշտպանը՝ Սիսակ Գաբրիելյանին

Դատական նիստը փակ է եղել և հետաքրքիր է, որտեղից այդ ինֆորմացիան ԱԺ պատգամավորին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ Բագրատ Սրբազանը դատարանում խոստովանել է, որ ձայնագրությունները իրական են և ոչ մի արհեստական բանականության գործիք չի օգտագործվել։

«Ես կխնդրեմ կապվեք իր հետ և հարցրեք՝ արդյո՞ք դատարանի դահլիճում էլ են իրենք համապատասխան ձայնագրող սարք դրել, թե քննիչն է զանգում իրեն ներկայացնում ամեն ինչ։

Այս ֆարսին արդեն ցանկություն չունեմ պատասխանելու։ Պա՞րզ է, չէ՝ ինչ է կատարվում։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս ամենի նպատակն էր թուլացնել այն ուժերին, որոնք կարող են ընդվզել, երբ որ եկեղեցու վրա լուրջ հարձակում լինի։ Այսօրվա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գրառումներից արդեն պարզ է նպատակը, որը մենք ի սկզբանե կռահում էինք, բայց այսօր արդեն հաստատվեց:

Այն շրջանակներերը, որոնք կարող էին դիմադրություն ցույց տալ ապօրինի և ազգակործան գործողություններին, բոլորին փորձում են մեկուսացնել և վիճակ ստեղծել, որ որևէ մեկը չկարողանա փողոց դուրս գալ ընդվզելու, երբ որ հերթական աբսուրդ քայլն է իրականացվում»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում, այդ թվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։  Բագրատ Սրբազանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Իսկ նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: