կարևոր
964 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-25 21:49
Հասարակություն

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռից հայտնում են, որ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։

Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։

Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»։