կարևոր
8308 դիտում, 9 ժամ առաջ - 2025-06-24 15:47
Հասարակություն

Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները

Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները

168.am-ը գրում է․ «Հունիսի 23-ին Բաքվի դատարանում հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա «ցուցմունք» է տվել Արցախում (Քաշաթաղի, Քարվաճառ շրջաններ) վերաբնակեցման ծրագրի մասին, ինչպես նաև՝ «Base Metals», «Vallex Group», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների, «Արցախբանկի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ «Արցախբանկը», որը ներկայանում էր՝ որպես Արցախի գլխավոր բանկ, գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Բանկի գրանցման վայր է նշվել Հայաստանի մայրաքաղաքը, սակայն, ըստ Արցախի նախկին նախագահի, գլխավոր մասնաճյուղը գործում էր Ստեփանակերտ քաղաքում, բանկը մասնաճյուղեր է ունեցել նաև Արցախի այլ բնակավայրերում։«Այս բանկը որևէ առավելություն և արտոնություն չուներ Հայաստանի մյուս բանկերի համեմատ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։Այնուհետև հերթական անգամ շոշափվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին «Գյանջայի դեպքերի» թեման, նախ՝ հիշեցվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ իր հրահանգով է «հարվածներ հասցվել Գյանջա քաղաքին»:

Սակայն, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, պետական մեղադրողի հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշել. «Ես նման լիազորություններ չունեի»: Այնուհետև նա, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, շեշտել է, որ Արցախի ՊԲ-ն ՀՀ զինված ուժերի ստորաբաժանում էր իրենից ներկայացնում:

«Չի եղել ինքնուրույն գործելու լիազորություն, այդ միավորումն (ՊԲ-ն.- Մ.Պ.) իրավունք չուներ մեզ ենթարկվելու, կատարել մեր հրահանգները»,- շեշտել է Հարությունյանը:

Իսկ ինչպես նշեցինք, Բաքվի դատարանում առաջին անգամ չէ, որ անդրադարձ է կատարվում «Գյանջայի դեպքերին»՝ Արայիկ Հարությունյանից «ցուցմունքներ» կորզելու միջոցով, ընդ որում՝ առավել մանրամասն, քան այս անգամ:

Այսինքն, Բաքուն «Գյանջայի դեպքերի» պատասխանատվությունը դնում է ՀՀ զինված ուժերի վրա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին այն Արցախի ՊԲ-ի վրա էր դնում: Թե ով որքանով է ճիշտ, դա այլ հարց է, բայց փաստ է՝ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության՝ չէր կարող նման բան լինել կամ չլինել:

Այս համատեքստում Բաքվում Արայիկ Հարությունյանը պնդել է, որ ՊԲ-ի զինանոցում «Սմերչ» և «Տոչկա-Ու» չի եղել:

«Ես տեղեկություն չեմ ունեցել, թե ինչ ստորաբաժանումների և կոնկրետ ում կողմից են դրանք կիրառվել: Իսկ նավթախողովակաշարերին հարվածելու մասին այստեղ եմ լսել»,- հայտարարել է Արցախի նախկին ղեկավարը:

168.am-ը գրել է, որ դեռ 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին է Փաշինյանի իշխանությունը հրաման իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները:Իսկ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախում լինելու մասին: Նա, մասնավորապես, տվել է այսօր Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունները:

Ի դեպ, Արարատ Միրզոյանը 2020 թվականի պատերազմի օրերին ՀՀ ԱԺ նախագահն էր և մասնակցել է հակահարվածի հայտնի օպերացիայի քննարկմանը:

Սուրեն Պապիկյանն այդ ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարն էր, Փաշինյանի որոշմամբ մասնակցել է ԱԽ կարևոր նիստերին, իսկ Արցախում լինելու մասին տեսանյութ հենց Սուրեն Պապիկյանն էր հրապարակել:

Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 11-ին՝ մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատումից մեկ օր առաջ, Սուրեն Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տեղեկացնում էր, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության բուժհաստատություններ, և ոչ ավելին:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որին կից տեղադրել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը դուրս գալիս «խորհրդակցական սենյակից», իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նրանց սպասում է դռան հակառակ կողմում:

Նշված տեսանյութում երևում է նաև Արարատ Միրզոյանը, որի անունը Բաքվում տվել է Արայիկ Հարությունյանը:

Այսինքն, Ադրբեջանն այսօր շատ հաճախ օգտվում է պատերազմի օրերին հրապարակված պատերազմական տեսանյութերից, գրառումներից և դա օգտագործում Հայաստանի Հանրապետության դեմ: Արդյո՞ք պետք էր պատերազմի օրերին այդքան բաց լինել սոցիալական ցանցերում:

Իսկ Բաքվի դատավարությունը կշարունակվի հունիսի 30-ին:

Հ.Գ. Ի դեպ, ավելի ուշ Ադրբեջանի նախագահը Մինգեչաուրում էլեկտրակայան է բացել՝ «նոյեմբերի 8» անունը ստացած: Այնուհետև Ալիևն այս նախագծում մասնակցություն ունեցող իտալական և չինական ընկերությունների ներկայացուցիչներին  ցույց է տվել իբր «Հայաստանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 11-ին արձակված հրթիռների տեղը»: Այսինքն, նույնիսկ նման դեպքերում Բաքուն չի դադարեցնում իր քարոզչական արշավը Հայաստանի դեմ և առիթը բաց չի թողնում գեներացնելու իր թեզերը»: