կարևոր
1801 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-22 17:34
Քաղաքական

Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան

Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան

Alpha News-ը մի քանի հարց է ուղղել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի իրավական թիմի անդամ Արամ Վարդևանյանին։

-Պարոն Վարդևանյան, ըստ մամուլում հրապարակված տվյալների Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, ինչ կարող եք հայտնել դրա մասին։

-Նախ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ առանց կոչի փաստական տվյալի, զուտ լրատվականին հարցազրույցի համար, մեղսագրել իշխանության զավթման կոչի ենթադրյալ կատարում՝ լրիվ նոր աբսուրդային նշաձող է: Ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան՝ հունիսի 19-ին: Մասնագիտական համայնքի համար ակնհայտ էր, որ Վերաքննիչ քրեական դատարանում բոլոր դատավորները, բացառությամբ մեկ դատավորի՝ Արմեն Դանիելյանի, չեն կարող անփոփոխ թողնել իրավունքի հետ առնչություն չունեցող Առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը: Ծանոթացել ենք հրապարակված այն տվյալներին, որ բողոքը մակագրվել է հենց այդ նշածս մեկ դատավորին՝ Արմեն Դանիելյանին: Հանրությանը հիշեցնեմ, որ այդ անձն տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ի դեպ ում նույնիսկ այլևս ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը համարում էր ամենավատ դատավորներից մեկը, իհարկե հիմա չգիտեմ այդպես է կարծում թե՝ոչ: Արմեն Դանիելյանը այն Դատավորն է ում նկատմամբ արդարամտության հասարակական ընկալումը բացակայում է: Նշված անձից որևէ պաշտպան երբևէ արդարադատության ակնկալիք չի ունենում արդեն տասնյակ տարիներ:

Ուշագրավ է այն, որ նշված դատավորի անուն ազգանունը ընդհանրապես կարող էր հանված լինել մակագրման համակարգի բաշխման ցանկից: Սակայն զարմանալի չէ, որ հենց Սամվել Կարապետյանի կալանքի վերացման հարցում, ոչ միայն Արմեն Դանիելյան անուն ազգանունը չէր հանվել, այլ հենց հնարավոր է իրեն է մակագրվել: Այդ իմաստով պարզ է դառնում, ոնց է ստացվում, որ Առաջին ատյանի դատարանն աննախադեպ կերպով 24 ժամից պակաս ժամկետում հունիսի 20-ին գործի նյութերն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ մակագրման: Սա նշում եմ նրա համար, որ երբևէ դեպք չի եղել, որ բողոքի մուտքագրման պահից 24 ժամից նույնիսկ պակաս ժամանակահատվածում այն հասանելի լինի Վերաքննիչ դատարանին ու մակագրվի: Նման զարգացումները նման են արդար դատաքննության իրավունքը ծաղրի ենթարկելուն և չեն կարող պատահականություն լինել:

-Ինչ եք պատրաստվում անել, եթե նշվածը հաստատվի, որ իսկապես հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ բողոքը։

— Մենք արձանագրել էինք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված հետապնդումն առնչություն չունի իրավունքի հետ և դրա ընթացքը, ակնհայտ ապօրինի կալանքը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը, իսկ վերաքննիչ բողոքի մակագրումը եթե հաստատվի, որ հենց դատավոր Արմեն Դանիելյանին է մակագրվել առավել քան ակնհայտ է դարձնում նշված գնահատականի բացառապես օբյեկտիվ հենքը: Հաշվի առնելով, որ դեռևս պաշտոնապես նման տվյալ մեզ չի տրամադրվել, խնդրում եմ թույլ տալ այս հարցին հաստատապես անդրադառնալ առաջիկա օրերին:

Աղբյուրը՝ Alpha News